Պատերազմին ապրեց․ զոհվեց Երասխում «խաղաղության» մեջ

76

–Գլխիս չի կպել, լավ ա, ողջ կմնամ։

Գեղամ Սահակյանը 44– օրյա պատերազմից ողջ վերադարձավ․ զոհվեց 2021 թվականի սեպտեմբերի 1-ին Երասխի դիրքերում։ «Էդ նույն օրը պիտի իջներ, բայց իջնելու օրը տղայիս դին բերեցին»,– պատմում է Գեղամի մայրը՝ Օվսաննան։

Գեղամը

Գեղամս շատ ընկերասեր, ճարպիկ տղա էր։ Ծնվել ա 1982 թվականին, դպրոցից հետո ընդունվել ա ռուսական զորամաս, 8 տարի ծառայել էդտեղ, հետո 8 տարի էլ հայկական զորամասում ա ծառայել։ Ենթասպայի կոչում ուներ։

44- օրյա պատերազմը

Ջրվեժ սպայական դասերի էր գնում, երբ պատերազմն սկսվեց, հենց էդտեղից էլ տարան Արցախ։ Հոկտեմբերի 18-ին երկրորդ անգամ ծնվեց տղաս․ հողի տակ էր մնացել, ինքնուրույն կարողացել էր դուրս գալ։ Զանգեց, ասեց՝ «մամ, սեղան գցի, գալիս ենք, շատ չենք՝ 4 մեքենա»։ Եկան, նշեցին։ Ինձ պատերազմից ոչ մի բան չէր պատմում։ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո գնաց Վերին Շորժա, ասում էր, որ էնտեղ ավելի ահավոր ա, քան Ղարաբաղում։ Մյուս տղաս էլ էր «պոստերում», իրան ասել էր՝ «չգաս էստեղ, ահավոր ա, եթե ես զոհվեմ էլ, գոնե դու կմնաս»։

Զոհվեց պատերազմից հետո

2021 թվականի սեպտեմբերի 1-ն էր՝ զանգեց, ասեց, որ գալիս ա տուն դիրքերից, կնոջ ու երեխեքի հետ էլ խոսաց, սեպտեմբերի 1-ը շնորհավորեց։ Պատմում են, որ պատրաստվում էր գալուն, լվացվում էր, կռացել ա, ու էդ ժամանակ խփել են իրան։ Գնդակը թևի տակից էր կպել։ Արյունահոսություն ա մոտը սկսվել, ներքին օրգաններն ա փչացրել, ու շտապ օգնության մեքենայի մեջ ինքն արդեն չի եղել։
Ես աշխատանքի էի, որ կանչեցին տուն։ Մեծ տղաս էլ էր «պոստերից» իջել, զարմացա․ իրա օրը չէր։ Հետո որ տունը զինվորականներով լցվեց, հասկացա, որ արդեն տղաս չկա։ 

Ընտանիքը

Գեղամը 2006 թվականին ա ամուսնացել, շատ խելացի կին ունի։ Մի տղա ու մի աղջիկ ունեն։ Տղան՝ Արթուրը, 14 տարեկան ա, սպորտի ա գնում։ Ինքը շատ կոտրված ա։ Զատիկին ասում էր՝ «տատ, հո ձու չե՞ս ներկի», ասում էի, որ դրա հետ կապ չունի, բայց համոզում էր․ «չներկես էլի»։

Իմ տղան շատ պարտաճանաչ էր, շատ էր սիրում իրա աշխատանքը, զորամասից գալիս էին, ասում էին, որ շատ ակտիվ էր ինքը, զենքերի պահով երևի աչքի ընկավ, որ խաղաղ «պոստերում» տենց բան եղավ։ Արցախում իրան խաչ էին տվել,ասել էին՝ ձեզ կպաշտպանի, բայց մինչև վերջ չպաշտպանեց իմ տղային։