Հայ, ռուս, ուկրաինացի գրողներն ընդդեմ պատերազմի

276

Այսօր մեզ հատկապես կարեւոր է չփակվել սեփական խոսքի տիրույթում, փոխարենը՝ ստեղծել հաղորդակից լինելու հարթակներ: Նման համոզմունք ունեն ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստան արտագաղթած ռուս գրողները: Երեկ Միրզոյան գրադարանում կայացավ հակապատերազմական եւ բարեգործական պոետիկ երեկո ռուսաստանցի եւ հայ հեղինակների մասնակցությամբ, որոնք ընթերցեցին պատերազմի վերապրման եւ իմաստավորման հետ կապված իրենց տեքստերը:

Գրականագետ, գրաքննադատ եւ գրող Իլյա Կուկուլինի խոսքով, վերջին օրերին համացանցում շատ է կարդացել, թե հիմա բանաստեղծությունների ու գրական երեկոների ժամանակը չէ.«Բայց ես ինձ իրավունք վերապահեցի իմ պատկերացումն ընկալել որպես մի բան, որը վերաբերում է անձամբ ինձ: 1991թ-ին Մոսկվայում ես կազմակերպեցի պոեզիայի երեկո` նվիրված հայ-ադրբեջանական պատերազմի զոհերի հիշատակին: Երեկոյի վերնագիրն էր «Մենք անտարբեր չենք»: Ես գիտեմ պատճառներ, թե ինչու արժե նման միջոցառումներ կազմակերպել: Պատմական նման ողբերգությունների ժամանակներում, որում մենք այժմ ապրում ենք, շատ մարդի, ովքեր չեն ցանկանում աջակցել ագռեսիային իրենց զգում են հայտնի անեկդոտի հերոսի պես: Երբ հարցնում են` Ռոբինովիչ, ինչու չարձագանքեցիր, երբ ձեզ ծեծում էին, պատասխանում է` ինչպես թե չարձագանքեցի, ես ընկա: Հիմա անհասկանալի է, թե ինչ կարող ենք մենք անել, ինչում է մեր սուբյեկտայնությունը: Բանաստեղծությունների ընթերցանությունը հենց այդ սուբյեկտայնությունն է, ինչպես եւ 91թ-ին »:

Ռուս գրողն ընդգծում է` այս երեկոն նաեւ բողոքի երեկո է ընդդեմ Ռուսաստանի ագռեսիայի Ուկրաինայի դեմ, եւ պատահական չէ, որ տեղի է ունենում Հայաստանում, որը արդեն երեք տասնամյակ է Արցախի հետ միասին դիմադրում են հարեւան ագռեսիվ պետության ը:

Միջոցառմանը իրենց տեքստերն ընթերցեցին հայ գրողներ Հուսիկ Արան եւ Գեմաֆին Գասպարյանը, Սանկտ Պետերբուրգից Վլադ Գագինը, Ալեքսանդր Մալինինը, Ալյոշա Ռոգոժինը, Մոսկվայից Նինա Ալեսանդրովան, Եկատերինա Զադիրկոն, Ելիզավետա Պոդկոլզինան, ներկաները լսեցին նաեւ Փարիզում ապրող հայ բանաստեղծուհի Ծովինար Ալիզեի աշխատանքները, ինչպես եւ մի  շարք ուկրաինացի ժամանակակից գրողների տեքստեր, ովքեր հենց այս պահին էլ շարունակում են գտնվել պատերազմի մեջ:

Նշենք, որ գրական երեկոյի մուտքի համար սահմանվել էր նվազագույն 1000 դրամ նվիրատվություն, սակայն շատերը նվիրաբերեցին ավելին:

Ողջ հասույթը փոխանցվելու է ArtsakhMission Armenia եւ Help Ukrainians in Armenia բարեգործական հիմնադրամներին:

Անի Գևորգյան