Երեկ գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ համացանցից հայտնի «Պռոշյանցի մուլտո» մականունավորը կալանավորված է:
«Առաջին ատյանի դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալ Տ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը», — հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Պրոշյանի Մուլտոյի անուն ազգանունն է Տիգրան Հովհաննիսյան: Նա հանրությանն անհայտ անձ է, որը համընդհանուր տեսադաշտում հայտնվեց ապրիլի 23-ին, «Տիկ տոկ» և «Տելեգրամ» ալիքներով տարածված սկանդալային տեսանյութի առիթով:
Տեսանյութում Մուլտոն ծեծում և ստորացնում է հատակին ծնկած մի երիտասարդի: Նա ձեռքով և ոտքերով ուժգին հարվածներ է հասցրում չոքած տղային ու ստիպում է վերջինիս հայհոյախառը անառակաբարո արտահայտություններ անել սեփական մոր հասցեին: Ավելի ուշ, երբ Արարատի մարզի ոստիկանները բերման ենթարկեցին Մուլտոյին, պարզվել է, որ ծեծվող երիտասարդին, որը 20 տարեկան է, նա առևանգել է իր բանդիտական խմբի հետ և «պատժել»:
Տիգրան Հովհաննիսյանը 42 տարեկան է, 1980թ. ծնված, Մասիս քաղաքի բնակիչ է: Ծննդավայրը՝ Պրոշյան գյուղ:
Այն բանից հետո, երբ տեսանյութը լայնորեն տարածվեց համացանցով մեկ, երիտասարդը նույն սոցցանցերով ներողություն խնդրեց հանրությունից սեփական մորը վիրավորելու համար:
Այն հանգամանքը, որ Տիգրան Հովհաննիսյանը առանց վախենալու, տարածել էր իր հանցագործության ապացույց տեսանյութը, մտածել է տալիս, որ նա այնքան է վստահ սեփական անպատժելիության վրա, որ չի վախենում իրավապահներից:
Հետևապես, հնարավոր է, որ դեպքն այս չունենա լուրջ հետևանքներ:
Մեր տեղեկություններով, սակայն Տիգրան Հովհաննիսյանը ինքը չի տարածել երիտասարդին ստորացնելու ու պատժելու կադրերը: Նա ուղարկել է տեսանյութը իր մտերիմ անձանց, որոնք էլ տարածել են այն:
Հետաքրքիր է, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը»: Այն ենթադրում է առավելագույնը երեք տարվա ազատազրկում: Մարդու առևանգում մեղադրանքը Մուլտոյին չի առաջադրվել:
Տիգրան Հովհաննիսյանին ձերբակալեցին, իսկ այսօր՝ ապրիլի 25-ին, նա կալանավորվեց:
Նախկինում Մուլտոն 6 անգամ դատապարտվել է տարատեսակ հանցանքների համար, որոնցից ամենամեղմը ավտոմեքենան առանց տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի ոչ սթափ վիճակում վարելն է եղել, իսկ ամենածանրը՝ մարդկան առևանգումը, որի համար ատապարտվել է 6 տարով: 2011 թվականին նա հայտնի Ծերեթելիից մարմնավաճառուհիներ է փորձել առևանգել, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից: Ոստիկանության աշխատակիցները նրան բռնել են հյուրանոցի համարում, որի համար Տիգրան Հովհաննիսյանը չի էլ վճարել:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: