Պետք է կարողանանք արդար դատավճիռ կայացնել, հակառակ դեպքում չենք կարող այս անկումը կասեցնել․զոհված զինծառայողի հայր

239

Շառլ Ազնավուրի հրապարակում 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են իրականացնում: Վերջիններիս կանչել են Դատախազություն, զրուցել են դատախազ Մուրադյանի հետ, ով ասել է, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ևս 4 հաղորդում է եղել հանցագործության մասին։ Ծնողների հաղորդումը գլխավոր դատախազը կցել է այլ գործի։

Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը Ազնավուրի հրապարակում իր խոսքում ասաց, որ իրենք պետք է կարողանան արդար դատավճիռ կայացնել, հակառակ դեպքում չեն կարող այս անկումը կասեցնել, հակառակ դեպքում երկիրը վերանալու է, և սա ոչ միայն հերոսածին ծնողներին է պետք, սա պետք է ամբողջ ժողովրդին․

«Մենք պիտի իրավական հիմք տանենք այն ամենը, որը հնարավորություն կտա դավաճաններին դատապարտելու, հանցագործների բացահայտելու, և, ի վերջո, հասկանալու՝ այս քաջարի, հաղթական բանակը ինչու պարտվեց։ Հասկանալի է, որ լուրջ բան չենք կարող սպասել այդ խմբից, որը եկել ասում է, որ մեղավոր է Տիգրան Մեծը, որ Ծովից ծով Հայաստան ստեղծեց, ու մինչև հիմա տալիս են տալիս և չեն կարողանում ավարտին հասցնել։ Այսօրվա հերոսներին, որ չեն հիշում, իհարկե չեն հիշում, իսկ երեկվա հերոսներին հիշու՞մ են, Նժդեհին հիշու՞մ են և մյուսներին հիշու՞մ են․ իհարկե՝ ոչ։ Վստահ եմ, որ մեր հաղթանակը, մեր զավակների հաղթական շարունակությունը լինելու է։ Քաղաքական որևէ հարց հիմա չեմ հետապնդում։ Ես գնում եմ՝ իրավական գնահատական պահանջելու կատարված ոճիրի դեմ»,-ասաց Մանուկյանը։

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանն իր խոսքում նշեց, որ շատերին գիտի, ովքեր ասում են՝ չգնաք ձեր երեխեքի անունը շահարկեք։ Ինչ-որ քաղաքական ուժեր ձեզ կշահարկեն, կօգտագործեն ձեզ․

«Դուք պետք է այդ քաղաքական-հասարակական ուժերին օգտագործեք։ Իրենք տվել են ամենաթանկը՝ կյանքը։ Մի խաբեք ձեզ՝ ասելով, որ հենց ձեր տղերքը պիտի զոհվեին, և դա անհրաժեշտություն էր։ Երբ գա ձեր ժամը ձեր տղերքը ասելու են՝ հա՛յր, մա՛յր մեզ սպանեցին, բա դուք ի՞նչ էիք անում, ո՞րտեղ էիք մտել։ Դուք եք էս երկրի տերը, ձեզ արժանապատիվ պահեք ձեր տղերքին։ Այսօր ես այստեղ ոչ թե ինչ-որ քաղաքական ուժից եմ, այսօր ես Աբգարի հայրն եմ՝ նախևառաջ»,-ասաց Նազարյանը։

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանն իր ելույթում ասաց, որ զոհվելուց ընդամենը մեկ օր առաջ իր որդին՝ Մենուան զանգել ու ասել է՝ դավաճանություն է տեղի ունենում, իրենց գալիս համոզում են, որ չկռվեն, հողերը հանձնված են։ Վերջինիս խոսքով՝ տեղի է ունեցել սոսկալի, աշխարհում չտեսնված դավաճանություն, որի արդյունքում ամենաշատը տուժել են իրենք։ Բայց այսօր իրենցից որևէ մեկը տուժող կողմ հայտարաված չէ․

«Ահա իմ ձեռքին միջնորդություն է։ Ես դրա համար եմ գալիս դատախազություն՝ պահանջելու, որ դատախազությունը Նիկոլ Փաշինյանին ճանաչի որպես պետական դավաճան, որովհետև իրականում բոլոր տվյալներով, այնքան ակնհայտ տվյալներով, որ դրանք անգամ ապացուցելու կարիք չկա, տեղի է ունեցել պետական դավաճանություն։ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է հարուցվի քրեական գործ և նա պետք է համարվի մեղավոր։ Մենք բոլորս քանի որ պետք է ներկա լինենք դատավարությանը, պետք է համարվենք տուժող կողմ»,-իր ելույթում ասաց Մենուայի մայրը։

Կարին Տոնոյանը ընկերների հետ նաև դուրս է բերել հունիսից մինչև սեպտեմբերի 27-ը ադրբեջանական, թուրքական և հայկական մամուլում տեղ գտած բոլոր հոդվածները, որոնցում հստակ երևում է, որ եթե մենք ունենայինք Ազգային անվտանգություն, ապա կիմանաինք, որ սկսվում է պատերազմ և պիտի պատրաստվեինք դրան։

«Իրականում ոչ մի նախապատրաստական գործ չի արվել։ Նույնիսկ զորամասեր են եղել, որ տղաներին չեն տեղափոխել՝ հստակ իմանալով՝ առավոտյան հարձակում է լինելու և տղաները հենց զորամասերում զոհվել են։ Ես որդուս նամակ եմ գրել։ Գրել եմ՝ երդվում եմ, որ մինչև կյանքիս վերջը Մեն, կռիվ եմ տալու, որ եթե մրջյունն անգամ մասնակցել է այդ պատերազմը կազմակերպելուն, մրջյունն անգամ պիտի պատժվի»,-իր խոսքում ասաց Տոնոյանը։

Գլխավոր դատախազի ներկայացուցչի փոխանցմամբ՝ գլխավոր դատախազը ներկայացված փաստաթղթի վերաբերյալ հայտարարություն կանի վաղը։ Գեղամ Նազարյանի կոչով մասնակիցները կշարունակեն ակցիան՝ ցույց տալու, որ հետևողական են։