ԲԴԽ-ն ներկայացրել է 2021թ․-ի «Դատավորների կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման մասով» հաշվետվությունը։ Ըստ հաշվետվության՝ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 6 միջնորդություն, որոնք «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի խախտման հիմքերով։ Այն է՝արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտելը և դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը։

Միջնորդություններից 3-ը մերժվել են, 2-ով դատավորին հայտարարվել է նախազգուշացում, իսկ 1-ով՝ խիստ նկատողություն:

Արդարադատության նախարարի կողմից 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 18 միջնորդություն, որից 8-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նույն 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի խախտման հիմքերով:

Միջնորդություններից 8-ը մերժվել են, 1-ով դատավորին հայտարարվել է նախազգուշացում, 2-ով՝ նկատողություն, 3-ով՝ խիստ նկատողություն, 1-ով դատավորի լիազորությունները դադարեցվել են՝ էական կարգապահական խախտման հիմքով, իսկ 3-ով կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճվել է:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 4 միջնորդություն, որից 3-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նույն 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման հիմքով, իսկ 1-ը՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով:

Միջնորդություններից 1-ը մերժվել է, 2-ով կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճվել է, 1-ով դատավորի լիազորությունները դադարեցվել են՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով:

Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հաշվետու ժամանակահատվածում հրապարակվել են թվով 28 որոշումներ:

ԲԴԽ-ի կողմից խորհրդի կողմից ընդունվել է 1 դատավորի լիազորությունները կասեցնելու մասին որոշում՝ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքով:
Բարձրագույն դատական խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով (նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով) դադարեցվել են 2 դատավորի լիազորություններ:

Pin It on Pinterest