Շուշեցի Արարատ Աղասյանը օկուպացված Շուշիում ապրիլի 22-ին տեղի ունեցած աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի կադրեր է նաում ու պապանձվում՝ Ալիևը իր բնակարանից ընդամենը մի քանի մետր հեռավարության վրա է զվարճանում, իսկ ինքն ընտանիքի հետ դրսում է հայտնվել:
«Ալիևի՝ երկու օր առաջվա կազմակերպած թատրոնը հենց մեր շենքի դեմն էր: Ո՞վ էր պատկերացնում, որ թուրքը կարող է հասնի Շուշի ու մի հատ էլ ուրախանա: Անհնարին բան էր , որ Շուշին գրավեին, դա եղել է մեկ անգամ՝ հայի կողմից: Հիմա ոնց որ դու կանգնած լինես այս շենքի գլխին (ցույց է տալիս հյուրանոցի շենքը, որտեղ ապաստանել է ընտանիքի հետ, -հեղ.) և ես ներքևից հելնեմ ու քեզ գցեմ»,- ասում է 44-օրյա պատերազմից հետո բազմանդամ ընտանիքի հետ անօթևան դարձած Արարատը:
Ադրբեջանի իշխանությունները Շուշին օկուպացնելուց հետո հողին են հավասարեցրել բանկելի թաղմասերը: Արարատն ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած կադրերից տեսել է, որ իր բնակարանը դրանց թվում է:
«Մեր ընդհանուր թաղամասը քանդել են՝ շենքերով, բնակարաններով, սեփական տներով ու ավտոտնակներով, լրիվ քանդել են, Շուշիում հիմա մեր թաղամասն ու այլ թաղամասեր գոյություն չունեն»,- ասում է նա:
Կնոջ և երկու երեխաների հետ տեղահանված 45-ամյա Արարատ Աղասյանն ընտանիքի հետ Շուշիից հեռացել է պատերազմի ժամեր անց, երբ թշնամին սկսել է ինտենսիվ հրետանակոծել բերդաքաղաքը:
«Առավոտ կոֆե էինք խմում, կրակոցի ձայներ լսեցի, հելա բալկոն՝ տեսա պատերազմ է: Շատ վատ իրավիճակ էր, բեզպիլոտնիկներով խփում էին, թե՛ զորամասերին, թե՛ քաղաքին: Տղայիս ճանապարհել ենք պատերազմ և մենք քաղաքից դուրս ենք եկել»-ասում է Արարատ Աղասյանը:
Արարատը Շուշիում երկու տուն և մեկ ավտոտնակ է թողել, ասում է՝ լիքը տուն ուներ, բնակարանում ոչ մի բանի կարիք չկար, իսկ հիմա դրսում է: Արցախի ու Հայստանի կառավարություներն էլ արդեն մեկ ու կես տարի է տեսանելի քայլեր չեն ձեռնարկում, որ ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, առաջին կարգի հաշմանդամություն ունեցողին մի տանիքով ապահովի: Արցախից վարչապետի ու նախարարների մակարդակով խոստումներ են եղել, բայց ապարդյուն՝ Արարատը դրսում է:
«Ես 2021 թվականի օգոստոսին Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ եմ հանդիպել, խոսել, որ իմ տան հարցը պետք է լուծվի, ես գնամ Ղարաբաղ: Ասել եմ իմ բնակարանի հարցը լուծեք: Ասել են հիմա հնարավորություն չկա, մինչև դեկտեմբեր կլուծենք, բայց չեն լուծել: Հիմա զանգում եմ Արտակ Բեգլարյանին, որ ասեմ ինձ այստեղից դուրս են հանում՝ չի պատասխանում: Բերակամիս եմ ուղարկել, որ գնա մտնի մոտ, չեն թողել, մի շաբաթից հանդիպել է, ասել է՝ խնդիրից տեղյակ ենք, իր համար մի հարմար տարբերակ կգտնենք: Սրանից հետո ինձ Արտակ Բեգլարյանի օգնականն ասում է, որ այս հարցով մենք չենք կարող զբաղվել, տարածքային կառավարման նախարարությունն է զբաղվում: Զանգում եմ տարածքային՝ փոխնախարար Հայկ Վարդանյանին, մեր Շուշիի բնակիչ է: Իմ զանգից հետո այս հունվարին Արցախից չորս հոգով գալիս են հյուրանց ինձ հետ նստում խոսում են, որից մեկն էլ նախարար Հայկ Խանումյանն էր: Իրենք էլ ասում են, որ մինչև փետրվարի վերջ իմ խնդիրը լուծելու են, բայց մինչև հիմա դրսում եմ»,- ասում է Արարատ Աղասյանը:
Նա հիմա ընտանիքի հետ բնակվում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում, հինգ աստղանի այդ շենքում միայն Արարատի ընտանիքն է ու երկու անվտանգության աշխատակից: Շենքը վերջերս մասնավորեցրել է, Արարատն էլ գիտի, որ վաղ, թե ուշ սեփականատերը իրեն դուրս է հրավիրելու, որ վերանորոգում սկսի:
«Այս շենքն էլ հիմա վաճառվել է, միայն մենք ենք մնացել….այստեղ մեզ համար ամեն ինչ խնդիր է: Ձմեռն ընդհանրապես ճանապարհները փակվում են, դեպք է եղել հունվարին, որ տեղ ենք գնացել, բայց չենք կարողացել բարձրանալ՝ փրկարարներ ենք կանչել: Ես այստեղ մնալու ժամանակ չունեմ, ինչքան շուտ դուրս գամ իմ օգուտն է»,- ասում է:
Արարատն այս իրավիճաում դիմում է Հայաստանում և սփյուռքում բնակվող հայերին, խնդրում է յուրաքանչյուրի օգնությունը՝ դրամահավաք կազմակերպելու և տուն գնելու համար, նշում է՝ հույս չունի, որ պետությունը կփոխհատուցի իր կործրած բնակարններից թեկուզ մեկը:
Մանրմասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: