Ընդունվեց «ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» և «Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագիծը

92

Այսօր տեղի ունեցավ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է «ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» և «Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագիծ։

Հանձնաժողովի նիստում նախագծերի փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Նախագծով առաջարկվում է վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը։ Անձի պարտականությունների մեջ չի մտնում իր սեփական առողջությանը վնաս չպատճառելը, որպեսզի հետագայում նաև պատասխանատվության հարցեր առաջ չգան։ Գործող օրենքով անչափահասների նկատմամբ ևս կիրառվում է կարգապահական տույժ՝ պատժախուց տեղափոխելու ձևով։

«Ունենք Եվրոպական դատարանի պրակտիկան, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ստանդարտները և քաղաքացիական ներկայացուցիչների կողմից ներկայացված եզրակացություններ առ այն, որ անչափահասների նկատմամբ այսպիսի կարգապահական տույժերը պետք է լինեն ամենավերջին միջոց։ Ըստ այդմ նախագծով նախատեսվում է ընդհանրապես բացառել անչափահասների նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը»,-ասաց զեկուցող Արփինե Սարգսյանը։ 

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ եթե ինքնախեղումը չդիտարկվի որպես կարգապահական խախտում և որևէ միջոց չձեռնարկվի, արդյո՞ք վտանգ չկա, որ նման դեպքերը աճ կունենան։ Վերջինս վկայակոչեց այն, որ զինծառայության մեջ ինքնախեղումը քրեորեն պատժելի արարք է, և այստեղ սա ևս պետք է դիտվի որպես կարգապահական խախտում։

Փոխնախարարը վստահեցնում է՝ սա չի նշանակում անպատժելիության մթնոլորտ, որովհետև կան ևս երկու կարգապահական տույժեր, որոնք ըստ անհրաժեշտության  կնշանակվեն, այն է՝ նկատողություն և խիստ նկատողություն։

Առաջարկվում է նախագծում հստակեցնել, որ կալանավորված անձի և դատապարտյալի առողջության պահպանման իրավունքը ներառում է բավարար սնունդ, բժշկական օգնություն, հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն ստանալու իրավունք։

«Այս պահին օրենսգիրքը շատ ընդհանրական է օգտագործում այս արտահայտությունները։ Նոր նախագիծը ամրագրում է թե՛ հոգեբանական, թե՛ հոգեթերապևտիկ աջակցութուն ստանալու կալանավորված անձի և դատապարտյալի իրավունքը»,-նշեց Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի՝ խնդրահարույց իրավիճակ կա այն տեսանկյունից, որ այս պահին նախատեսվում է, որ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկված անձը կարող է միայն տեղափոխվել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար կա՛մ ավելի մեղմ ռեժիմ, կա՛մ թողնվել ազատազրկվածներին պահելու վայրերում։ Վերջինիս խոսքով պետք է փաստել, որ ժամկետի նախատեսման առումով ոչ մի իրավաչափ հենք չկա, որովհետև կան շատ ու շատ դատապարտյալներ, ովքեր 7 տարուց 1 տարի կամ կես տարի ավելի ժամկետով են դատապարտվել ազատազրկման և փաստացի ունեն այդ իրավունքը՝ ներգրավվելու տարբեր աշխատանքներում, բայց օրենսդրական այս արգելքը թույլ չի տալիս դա։

Հաջորդ առաջարկը վերաբերում էր ազատազրկման դատապարտված անձանց տեղաբաշխմանը։ ՔԿՀ կենտրոնական մարմնում գործող Տեղաբաշխման հանձնաժողովը որոշում է կայացանում անձին այս կամ այն ռեժիմ տեղաբաշխելու վերաբերյալ։ Հիմքում դրվում են դատապարտյալի անջատ պահելու կանոնները, մերձավոր-ազգականներին հնարավորինս մոտ տեղաբաշխելու կանոնները։

«Շատ կարևոր է ունենալ դատապարտյալներին դասակարգման և գնահատման կառուցակարգ, որը թույլ կտա հասկանալ՝ անձը ինչպիսի վարքագիծ է դրսևորում, հետագայում կա՞ն վարքագծային փոփոխություններ, և իսկապես հասկանալ ունենք դրական վարքագիծ և ռեժիմի տեղափոխման օբյեկտիվ անհրաժեշտություն։ Նախատեսվում է լրացնել այս դրույթը՝ Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության հիմքում նաև դնել դասակարգման և գնահատման արդյունքները»,-ասաց փոխնախարարը։

Վերջին առաջարկը վերաբերում էր դատապարտյալներին առանձին պահելու կանոնակարգին։ Ցանկացած դատապարտյալ վկայակոչելով, որ օրինակ իր անվտանգությանը սպառնացող վտանգ կա՝ կարող է դիմել ՔԿՀ պետին, և հիմնարկի պետը որոշում է կայացնում անձին անջատ պահելու մասին՝ տեղափոխելով մենախուց։ Բայց գործնականում մարդիկ, օգտագործելով այս օրենսդրական հնարավորությունը և չցանկանալով խուցը կիսել այլ դատապարտյալների հետ ու շփումների բավարար մակարդակ ապահովել, դիմում են ՔԿՀ պետին, վերջինս էլ որոշում է կայացնում անձին առանձին պահելու վերաբերյալ։

«Պետությունները պարտավոր են ձեռնարկել քայլեր, որպեսզի դատապարտյալները հնարավորինս զբաղված լինեն ու ունենան արդյունավետ շփումներ այլ անձանց հետ։ Դրա համար երկու հիմք է օրենքի նախագծով առաջարկվում․եթե մենք ունենք իրոք անձի անվտանգությանը սպառնացող դեպքեր, ապա պաշտպանական նպատակով կարելի է անձին առանձին պահել։ Երկրորդ հիմքը կանխարգելիչ նպատակով անձին առանձին պահելն է։ Սա հետապնդում է այլ անձանց կամ ՔԿՀ հիմնարկի անվտանգությունը սպառնացող վտանգի դեպքում։ Եթե հիմքեր կան, որ դատապարտյալը կարող է վտանգ ներկայացնել հիմնարկում աշխատող կամ այցելող անձանց համար, իր միջոցներով կամ արտաքին միջամտությամբ դիմել փախուստի»,-ասաց Սարգսյանը։

Նախագիծը ընդունվեց՝ միաձայն։