Պատերազմում զոհված զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներ երեկ հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Նրանք պնդում են, որ Փաշինյանի՝ ապրիլի 13-ին ԱԺ-ում հայտարարությունից տպավորություն են ստացել, որ նա, նախապես պատկերացնելով, կանխատեսելով պատերազմի հետևանքները, մարդկային կորուստները դիտավորությամբ չի կանխել այն։
«Մեր տղաները դավաճանության զոհ են եղել, և թող բոլորը պատասխան տան։ Հինգ հրամանատար են եղեն, այդ հինգ հրամանատարից բռնացրած, երկրի ղեկավարի հետ միասին», — ասել է 44-օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի մայրը՝ Անուշ Մելիքյանը։
Գլխավոր դատախազությունից նա պահանջում է պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մայրը պնդում է, որ ապրիլի 13-ին վարչապետը ԱԺ-ում հանցագործության մասին ինքնախոստովական ցուցմունք է տվել։
Դատախազությանը ներկայացրած գրության նախաձեռնողը Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի զոհերի հարազատներն են։ Տևական ժամանակ է նրանք բարձրաձայնում են, որ Ֆիզուլիի շրջանում մի ամբողջ ստորաբաժանում զոհվել է բարձրաստիճան զինվորականների մեղքով։ Պատերազմից ավելի քան մեկ ու կես տարի անց, սակայն, այս գործով միակ մեղադրյալը դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանն է։ Գործը դատարանում է։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահմյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ այս քրեական գործի նախաքննությունը լայն ծավալով շարունակվում է՝ նկատի ունենալով նաև զոհված զինծառայողների հարազատների բարձրացրած խնդիրները.
«Նաև քննություն է իրականացվում իրենց կողմից նշված վերադասության կարգով բոլոր հրամանատարների հետ կապված գործողությունների իրավաչափությունը, դրանցում հնարավոր հանցավոր արարքների առկայությունը։ Կարճ ժամանակում, վստահ եմ, իրավական գնահատականներ կտրվեն նաև այդ առնչությամբ»,-ասել է Աբրահամյանը։
Զոհված զինծառայողների ծնողների՝ երեկվա հաղորդման վերաբերյալ դատախազությունից «Ազատությանը» հայտնել են, որ կատարվում է քննություն Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մեկ այլ գործի շրջանակներում, որի մաս է կազմում նաև պատերազմի պատճառահետևանքային կապերի շղթայի ուսումնասիրությունը։ Իսկ ներկայացված գրությունը դեռ պետք է ուսումնասիրվի։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ խոհրդարանի ամբիոնից հայտարարել էր․
«Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»,-ասել էր Փաշինյանը։
Նա նաև ասել էր՝ մեղավոր է, որ հանրության առաջ չի կանգնել ու չի բարձրաձայնել մի շարք կարևոր հարցերի մասին․
«Դա ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ է։ Դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է»,- ասել էր վարչապետը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: