«Այսօր հավաքվել ենք քննարկելու մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը: Լրագրողական կազմակերպությունները, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և առհասարակ լրագրողական հանրությունը արդեն տարիներ շարունակ դրա մասին է խոսում: Մեզ համար ակնհայտ է, որ այն փոփոխությունները, որ վերջին շրջանում իրականացվում են, կարկատանի տպավորություն են թողնում, այսրոպեական հարցերի լուծում են նախատեսում։ Տեղեկատվական բնագավառում բազմաթիվ բացեր կան։ Կառավարությունն աշխատում է տեղեկատվական միասնական քաղաքականության մշակման ուղղությամբ, իսկ օրենսդիրն իր առաջարկություններով է հանդես գալիս, որն էլ հենց պատճառ դարձավ այս նախաձեռնության»,- «Մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Քննարկման ընթացքում օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները, փորձագետներն ու լրագրողները քննարկեցին ԶԼՄ–ներին վերաբերող օրենսդրության խնդիրներն, ինչպես նաև դրանց հաղթահարման հնարավորությունները։
Անդրադառնալով մեդիայի օրենսդրության ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ 2003 թվականին ընդունած Զանգվածային լրատվության մասին օրենքը բոլորովին չի արտացոլում այն խնդիրները, որ կան մեդիադաշտում։ Նրա պնդմամբ՝ խնդիրեր կան նաև Տեղելատվության ազատության մասին օրենքում, քանի որ հաշվի չի առնվում ոչ տեխնոլոգիական առաջընթացը, ոչ էլ նոր իրավահարաբերությունները։
«Բոլոր կողմերը նկատել են մեդիային վերաբերող օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը մեր երկրում։ Առաջիկայում նախատեսում ենք հանդիպումներ ԶԼՄ ներկայացուցիչների հետ գործընթացի թափանցիկությունն ապահովվելու համար»,– նշեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը ներկայացրեց մեդիա ոլորտի զարգացման մասին պատկերացումներն ու հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը։
«Ընթացքում փոքր օրենսդրական փոփոխություններ արվել են, բայց շատ դեպքերում մենք հասկանում ենք, որ հարցը լուծված չի, և մեխանիզմներն ամբողջությամբ ներկայացված չեն։ Մեր նպատակը չի եղել միայն օրենսդրության վրա ազդելը, այնուամենայնիվ, այս կցկտուր փոփոխությունները պատճառներից մեկն են, թե մենք ինչու ենք ուզում, որ ընդհանուր մոտեցումը հասկացվի և դառնա հիմք օրենսդրական դաշտում փոփոխությունների համար»։
Քննարկման վերջում ստորագրվեց համագործակցության հուշագիր Արդարադատության նախարարության, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի և լրագրողական 11 կազմակերությունների միջև։
Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ հուշագիրը նոր իրողությունների պայմաններում ունի կարևորագույն նշանակությունը։
Հուշագրի շրջանակներում նախատեսվող համագործակցության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում մեդիա ոլորտի զարգացման քաղաքականության արդիականացումն ու լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարեփոխումն է՝ ժամանակակից մարտահրավերներին և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների առաջընթացի նոր պայմաններին համապատասխան, միջազգային լավագույն փորձի և նորմերի կիրառմամբ։ Համատեղ ջանքերով իրականացվելիք բարեփոխումները ծառայելու են նաև երկրում տեղեկատվական դաշտի առողջացմանը, որակյալ լրագրության խրախուսմանը, ապատեղեկատվության, ատելության խոսքի, բռնության քարոզի նվազեցմանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: