ՊՆ-ի սիմուլիացիան. առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինվորին բուժելու փոխարեն փակել են բանտում

111

Կիրակի օրը մեզ ահազանգում էր ժամկետային զինծառայող Բաբկեն Մկրտչյանի մայրը՝ Չինար Մկրտչյանը: Ասում էր՝ որդիս առողջական ծանր վիճակով գտնվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:  Նա օգնություն էր աղերսում, լաց էր լինում: Ավելի ուշ տեղեկացրեց, որ Բաբկենին տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Երեկ երեկոյան հերթապահ բժիշկը մորը հայտնել է, որ զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Բաբկենը բանակ է զորակոչվել 2021 թվականի փետրվարին՝ առողջական խնդիրներով ։ Մորը թույլ չի տվել, որ իր առողջական խնդրի մասին բարձրաձայնի, ասել է՝ «տղա եմ, գնալու եմ ծառայեմ»։ Սակայն ծառայությունից երկու ամիս հետո առողջական խնդիրները գլուխ են բարձրացրել և նրան տեղափոխել են հիվանդանոց, ապա զինծառայողը պարբերաբար  անցկացրել է հոսպիտալներում ու տարբեր բուժհաստատաություններում ՝ ստամոքսի, տասներկումատնյա աղիքի էրոզիաներով։ Այսպիսով շուրջ մեկ տարվա ծառայությունն անցել է բուժհաստատություններում, բայց նորմալ բուժում չի ստացել, ասում է մայրը:

 «Հիվանդանոցից հետո գնաց՝ ծառայությունը շարունակելու։ Գնալուց 1 շաբաթ անց նորից ջերմությունով, խնդիրներով հոսպիտալ է տեղափոխվել։ Ոչ մի հոսպիտալում ինձ չեն ներկայացրել՝ ինչ հիվանդություն է։ Միայն «Մեդլայն կլինիկ» ԲԿ-ում է բուժում ստացել։ Սա հստակ կարող եմ ասել, որովհետև այնտեղ «իստորիա» տվել են»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է մայրը։

Բաբկենին կալանավորել են։ Մայրը կցկտուր տեղեկություններ ուներ որդու նկատմամբ հարուցված քրեական գործի, նրա կալանավորման մասին, բայց վստահ էր, որ այդ առողջական վիճակով նրան դժվար էր զինվորական ծառայություն անցնել:

 «Իրանք իրանցով որոշել են ամեն ինչը, ու, իբր, որդիս ձևացնում է, թե հիվանդ է: Սուտ է իր հիվանդությունը»,- ասում է մայրը՝ խոստովանելով նաև, որ որդին մի քանի անգամ առանց թույլտվության տուն է եկել, բայց երբեք չի խուսափել ծառայությունից,-

«Մենք երեք անգամ բնակարան ենք փոխել, տղաս եկել, օգնել է։ Հոսպիտալից եկել է ինձ աջակցելու, հենց այդ նույն օրն էլ եկել տարել են։ Ռազմականից զանգել են, ասել եմ ստեղ է:։ Եթե չսիրեր բանակը, հաստատ հոժար կամքով չէր գնա։ Հետո զգացել է՝ առողջական վիճակը, ուժերը չի պատում այնտեղի կարգ ու կանոնին։ Իր մոտ սկսվում են կծկումներ, ցավեր է ունենում»,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Չինարը։

Մայրն ասում է, որ Բաբկենը բուժումներ չի ստացել, միայն խոոստանում էին և ոչինչ չէին անում:

«Ահավոր վիճակում էր, այս Նոր տարվան  եկել է և  երկար մնացել, էլի ցավերի մեջ է եղել։ Շտապ օգնություն ենք կանչել, ուզել են տանեն հիվանդանոց,  ասել են՝ կարող է ներքին արյունահոսություն լինի ու տեղում մնա էտ երեխեն։ Ես չեմ դիմել ՊՆ, որովհետև ռազմական ոստիկանությունը ասեց՝ դուք վստահեք մեզ, մենք ինքներս կտանենք, անալիզները նորից կտանք։ Նորից տարել ու ասել են՝ իբր ոչինչ չունի, բայց իր ամբողջ դեմքն էլ է դուրս տված, քարացած կույտեր կան դեմքի վրա»,-ասում է մայրը։

Տիկին Չինարը երկու անչափահաս, մտավոր հաշմանդամ երեխաներ ունի: Մեկը 11 տարեկան է, մեկը՝ 12։ Ամուսին չունի, վաղուց ամուսնալուծված է։ Ոչ մի աջակցող, օգնող չունի, ծնողներն էլ մահացած են։ Չինարն ասում է՝ պետական կառույցները իր դիմումները մերժում են, աջակցություն չեն տալիս։ Ասում են՝ երեխաներին մանկատուն տուր։ Երեխաներին տարել են մանկատուն, սակայն գնացել հետ է բերել։ Ապրում են վարձով, ծանր սոցիալական պայմաններում, նպաստից զրկել են մշտական բնակության վայր չունենալու պատճառով:

«Իմ ընտանեկան կարգավիճակն էլ այն չի․աշխատող մենակ ես եմ, իմ աշխատանքն էլ չի բավարարում վարձին ու ամեն ինչին։ Միակ օգնականս տղաս է, ինքն էլ առողջություն չունի, որ գա պիտի բուժվի, որ կարողանա ինձ թիկունք կանգնի»,-ասաց տիկին Չինարը։

Ժամկետային զինծառայող Բաբկեն Մկրտչյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով ՝ 362․1 հոդվածով (Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) և 363․3 հոդվածով (հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը)։

Տիկին Չինարը պետությունից պահանջում է, որ հավատան՝ տղան իրոք հիվանդ է․թող կա՛մ առողջացնեն, որ նորից գնա իր ծառայությունը շարունակի, կա՛մ իր հասանելիքը տան, ոչ թե պատժեն ու կալանավայր ուղարկեն։ Ասում է՝ տղաս ո՛չ հանցագործություն է գործել, ոչ էլ խուսափում է ծառայությունից։ Ինքը ընդամենը արդարություն է պահանջում, որ բուժեն իրեն։