«Մեջքից վիրավորում ունեմ․ բեկորը մտել ա թոքերիս ու ողնաշարիս արանքը։ Արդեն ճարպակալել ա ներվիս հետ, թևս չեմ կարողանում բարձրացնել։ Ունեմ օրական ցավեր, ոչ մի ցավազրկող էլ չի օգնում։ Մեր ջոկատից ամենաթեթև վիրավորումն իմն ա։ Մեր խնդրանքն ա, որ մեզ ճանաչեն որպես պատերազմի մասնակից, որ էդ թղթով կարողանանք վիրահատվել։ Մենք ոչ մի ավել բան չենք ուզում»,– forrights.am–ի հետ զրույցում պատմում է կամավորական Լևոն Խաչատրյանը:
Լևոնն Արարատի մարզի Այգեպատ գյուղից է, 30 հոգանոց ջոկատով կամավոր մեկնել է պատերազմ՝ տանը թողնելով կնոջն ու երկու անչափահաս երեխաներին։ Ռազմական գործողությունների արդյունքում ջոկատի տղաներից 7–ը վիրավորվել են, սակայն համապատասխան բուժօգնություն չեն ստացել՝ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով։
Հոկտեմբերի 3-ին Լևոնը կամավոր ներկայացել է Արտաշատի զինկոմիսարիատ, որպեսզի մեկնի պատերազմ, բայց մերժել են․ «Պնդել եմ, որ պիտի գնամ․ սիրտս չէր դիմանում՝ էդ ամեն ինչը լսելով»։ Հոկտեմբերի 4-ին Լևոնին 30 հոգանոց ջոկատով ուղարկել են Քարվաճառ, 20 օրից ավել մասնակցելով մարտական գործողություններին՝ իրենց իջեցրել են դիրքերից։
Հոկտեմբերի 25-ին զինկոմիսարիատից զանգել են Լևոնին ու առաջարկել նորից մեկնել դիրքեր Արմավիրի մարզի տղաների հետ, այս անգամ արդեն՝ Կուբաթլու։
«Մասնակցել եմ, տեսել եմ՝ ավտոմատի կռիվ չի, բայրաքթարներին, անօդաչուներին 60 հոգով ավտոմատով կրակել ենք, ոչ մի բան չի եղել։ Մերը 60-ականների զենքեր էին։ Ոչ մի պայման չենք ունեցել։ Էդ ամեն ինչը տեսնելով հանդերձ՝ երկրորդ անգամ եմ գնացել։ Մեր հրամանատարը գնդապետ Արայիկ Մուրադյանն էր՝ Արարատի վայենկոմը, ինքը հա՛մ հրամանատար ա եղել, հա՛մ ընկեր, հա՛մ ախպեր։ Հոկտեմբերի 28-29 էր արդեն, որ հրամանատարը վիրավորվեց, իրան իջեցնելուց հետո, նահանջի հրաման եկավ։ Մենք մեզ հրամանատար նշանակեցինք Արմենին, ասեց՝ «մենք 30 հոգի ենք, իրանք շատ են, շրջափակման մեջ ենք ընկնելու, որոշեք՝ ով ուզում ա, թող մնա, ես իջնողը չեմ»։ Մենք էլ մնացինք․ գնացել էինք կռվելու, ոչ թե փախնելու»։
Շրջափակումից դուրս գալիս՝ Արմենը զոհվել է, իսկ հրետանու հարվածից վիրավորվել են ջոկատի տղաներից մի քանիսը։ Լևոնը վիրավորվել է նոյեմբերի 1-ին բաց տարածքում վիրավորին սողեսող քաշ տալու ժամանակ։ Բժիշկն ասել է, որ բեկոր կա մեջքի մեջ, պիտի հանել, սակայն Լևոնը հրաժարվել է ու կրկին բարձրացել դիրքեր․ «ասեցի՝ իմ ընկերներին չեմ թողնի»։ Օգնելով վիրավոր ընկերներին՝ ջոկատը դուրս է եկել շրջափակումից։ Լևոնին անգիտակից վիճակում ներքին արյունահոսությամբ տարել են Կապանի, այնուհետև Սիսիանի հոսպիտալ։ Մի քանի օր անց տեղափոխել են Կանազի հոսպիտալ։
«Մի շաբաթից ավել ընտանիքիս անդամների հետ ոչ մի կապ չի եղել, հետո կինս հետաքրքրվել ա, իմացել, որ Կանազում եմ, եկել ա տեսել, որ գիտակցության բերելու փոխարեն տարել են հոգեբուժարան, ասել են, որ բազմաթիվ կանտուզիաներ ա տարել, հոգեբանները պետք ա իրա հետ աշխատեն»։
Կինը հոգեբուժարանից նրան բերել է տուն, ու Լևոնն 8 ամիս պառկել է անգիտակից վիճակում՝ չստանալով համապատասխան բուժում։ Գիտակցության գալով՝ դիմել է Էրեբունի, այնուհետև՝ Աստղիկ բժշկական կենտրոններ։ Իր միջոցներով ռենտգեն են արել ու ասել, որ վիրահատության կարիք կա, 500000 դրամ է անհրաժեշտ, քանի որ պետպատվերը չի գործում։
«Դիմել եմ ՊՆ, ասել են՝ կառավարությունն ա որոշել, որ պետպատվեր չկա։ Կառավարությունից Սասուն Միքայելյանն ասեց, հենց պետպատվերը գործի, ձեզ կզանգենք։ Հետո զանգել են, թուղթ են ուզեցել վայենկոմատից։ Բայց էդ թուղթը չի ացնում, քանի որ նշված չի, որ ռազմական գործողություններին մասնակից ենք, գրված ա՝ «զորահավաք ա եղել, ներկայացել են»։ Սաղ կորպուսներով մեր տղաները տարել են թղթերը, ուղարկել են նախարարություն, բայց մինչև հիմա իրանց սեղանին թղթերը դրված, չեն ուղարկում, որ մեզ ճանաչեն որպես մասնակից։ Հո հայաթում նստած՝ «ասկոլկեն» Ղարաբաղից չեկա՞վ, կպավ»։
Կամավորները, որոնք պատերազմի ժամանակ վնասվածքներ են ստացել և ունեն բուժման կարիք, կանգնած են փակուղու առաջ։ Նրանց անվճար բուժօգնություն տրամադրվում է հաշմանդամության կարգ ունենալու դեպքում, եթե հաշվառված են որպես մարտական գործողությունների մասնակից։
ԱՆի Թորոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: