«Կարենիս շունչն եմ ուզում». Պատերազմում միակ որդուն կորցրած կինը մայրանալ է ցանկանում

164

44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած լոռեցի կինը մի շանս է փնտրում, որ երկրորդ անգամ մայրանա:

Լոռու մարզի դարպաս գյուղում բնակվող 56-ամյա Կարինե Դալլաքյանի օրվա մեծ մասն անցնում է Եղնիկներում զոհված որդու՝ Կարենի սենյակում: Որդեկորույս մայրը Կարենի նախկին սենյակի բոլոր պատերին տղայի լուսանկարներն է կախել: Արդեն մեկ ու կես տարի է միակ տղայի բացակայության կարոտն այդպես է լրացնում՝ ամեն օր խոսում է  սենյակում շարված լուսանկաների հետ:

«Նկարները շատ եմ դրել, որ ներս մտնեմ Կարենիս շունչը զգամ, որ իրա հետ զրուցեմ, իրա հետ շափվեմ: Պահ է լինում, որ ջղայնանում եմ՝ ինչու՞ պետք է իր շունչը չզգամ, իր նկարների հետ խոսեմ: Մինչև այսօր սպասում եմ Կարենիս»:

Տիկին Կարինեի միակ որդին զոհվել է Եղնիկներում՝ 20 տարեկան ու բանակից տուն վերադառնալուն ընդամենը երեք ամիս էր մնացել: Կարենի կորստից հետո Կարինե Դալլաքյանի մոտ մայրանալու ցանկություն է առաջացել:

«Շատ հուսալքված եմ, ուզում եմ, որ մի ձևով Կարենիս շարունակությունը լինի… որ կարողանայի ինչ-որ մի ձևով երեխա ունենայի…, որ զգամ Կարենիցս մի մաս կա: Դիմում եմ, բայց տարիքային սահմանափակում են արել, ես 56 տարեկան եմ, իսկ հիմա 53 տարեկան են սարքել, որ կարող են այդ ծրագրով երեխա ունենալ: Չգիտեմ՝ ում դիմեմ, ինչ անեմ, որ ինձ ընդառաջեն»,- ասում է նա:

Մայրանալու, տիկին Կարինեի ցանկությունը, սակայն, պետության սահմանափակումներին է բախվել: Կառավարությունը  2021 թվականին փետրվարին որոշում է ընդունել պատերազմում զոհվածների մայրերին աջակցել անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել փոխնակ մոր ծառայություններից՝ միաժամանակ տարիքային շեն սահմանել: Ըստ այդմ՝ միայն մինչև 53 տարեկան կանայք կարող են օգտւվել այս ծրագրից: Տիկին Կարինեն հույս ունի, որ կառավարությունը կամ առողջապահության նախարարությունը իրեն բացառություն կանեն և մայրանալու հնարավորություն կնձեռեն:

«Մինչ այս շատ էի մտածում՝ տարիքս թույլ կտա իմ էրեխուց հետո այլ երեխա պահեմ, ասում էի՝ երեխան մեծ ծնող կունենա, բայց հիմա ուզում եմ, որ գոնե էդ էրեխու խաթր ապրում եմ: Այդ երեխան ինձ ստիպի ես ապրեմ, պայքարեմ, ուզում եմ զգամ, որ ես մեկին պետք եմ: Ես միայն Կարենին ունեի, մի հրաշք….»:

Տիկին Կարինեն որդին՝ Կարեն Ավետյանի հետ կապը կորցրել է հոկտեմբերի 5-ին: Հույս է ունեցել՝ որդին չի զոհվել, այլ պարզապես կապի խնդիր կա, չի զանգում:

«Վերջին անգամ հոկտեմբերի 5-ին ենք խոսել, դրանից հետո էլ կապ չկար, չէինք կարողանում տղաների հետ էլ կապ հաստատել, որ իմանայինք՝ ինչ նորություն կա-չկա: Ամսի 5-ին վերջին անգամ ենք խոսել, միշտ ոգևորված ասում էր՝ լավ տի էլնի, մեզ մոտ ոչ մի բան չկա: Վերջին անգամ, որ խոսեցինք հուսալքված էր խոսում, ասում էր՝ մամ, երանի գամ, մենակ գամ…չգիտեր ինչ աներ, իրենց մոտ շատ էին հրանոթները քցում, հիմնականում ԱԹՍ-ներով էին հարվածում: Չորս ընկերներով իրար հետ պայքարել ու զոհվել են: Հոկտեմբերի 5-ից կապը հետը կորավ, մեր մխիթարանք էն էր, որ էրեխեքի հետ ամեն ինչ լավ է, բայց կապ չկա:

Հրանոթը, որ իրենք քցել են՝ անընդհատ նույն տեղից են քցել, հակառակորդը ֆիքսել է  իրանց տեղը: Նույն ձևով էլ իրենք են քցել ու չորս էրեխեքը զոհվել են:

Սեպտեբերի 27-ին հեուստատեսությամբ լսեցի, որ պատերազմ է ու սառա… վայ, պատերազմ: Այդ պահին չգիտեի, թե ինչ անեի: Միշտ պատկերացնում էի, որ չորս օր հետո պետք է վերջանա: Իմ մեջ տպավորվել էր, որ Կարենիս ոչ մի բան չի լինելու, ինքն էլ զանգում էր՝ այ մամ, ստեղ ոչ մի բան չի լինի, ստեղ ամեն ինչ լավ է, մեռնեմ քեզ, ստեղ լավ ա, հանգիստ ա, Քյոխը մոտներս ա, նա մեզ չի թողնի ոչ մի բան լինի»,-հիշում է մայրը:

Հարցազրույցի ամբողջ ընթացքում Կարենի հայրը՝ Գագիկ Ավետյանը, նստած էր որդու լուսանկարների կողքին դրված աթոռին: Նա դժվարությամբ է հիշում, թե  որդու կորստյան լուրը ինչպես են հայտնել:

«Լացս էլ ա գալիս… Ես անասուն էի պահում, գյուղացիք եկան մինը ճիպոտն է ձեռիցս խլըմ, մինը՝ ձին, դես դեն…արդեն իմացանք, որ էրեխուն բերել են, մորգում է»,- ասում է հայրն ու բառերը խեղդվում են արցունքների մեջ:

«Ամբողջ գյուղը գնացել էր մորգ, իրենք իմացել էին, մենք՝ չէ: Էրեխուս արդեն բերել պահն էր եղել, մեր բարեկամներ եկան մեր դուռը, հենց առաջին օրն էին եկել մեր տուն: Հենց իրենց տեսա խելագրավեցի, գժվեցի, ասում եմ՝ ու՞ր եք եկել….»,-ամուսնու խոսքը շարունակելով պատմում է տիկին Կարինեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան