Ցմահ դատապարտյալները պարբերաբար հացադուլներ են անում, բողոք են բարձրացնում ԶԼՄ-ներին դիմելով և պահանջելով դադարեցնել անմարդկային վերաբերմունքը իրենց նկատմամբ, պահման ռեժիմը մեղմացնել և փակ ռեժիմը փոխարինել գոնե կիսաբացով:
Սակայն բողոքները ոչ մի արդյունք չունեն: Եւ եթե անգամ արդարադատության նախարարության տեղաբաշխման հանձնաժողովը գնում է ցմահների ռեժիմի մեղմացման, դա տևում է առավելագույնը մեկ ամիս: Դատախազությունը կրկին կասեցնում է ռեժիմի փոփոխության որոշումները, և դատապարտյալները իրենց հին իրերն ու տեխնիկան վերցրած՝ հեռուստացույցներն ու օդորակիչները, կրկին քարշ են տալիս հետ՝ փակ խցեր, ճանապարհին փչացնելով ու ջարդելով: Նրանց համար կիսաբաց-կիսափակ այս տեղափոխումները հոգեբանական տանջանք է, սառը ցնցուղ, որից հետո նրանք տևական ժամանակ ստիպված են լինում և կալանավայրի աշխատողներին, և բանտակից ընկերներին բացատրել մի բան, որն իրենք էլ չեն հասկանում՝ թե ինչու իրենց նորից հետ բերեցին:
Տպավորություն է, որ դատախազությունը ձեռք է առնում նեղ աշխարհում հայտնված մարդկանց, կամ էլ ներքին լարված հակամարտություն է ընթանում արդարադատության նախարարության և դատախազության միջև, անհեթեթ և աննպատակ, իսկ տուժում են այդ սառը պատերազմից ցմահները:
Արդարադատության նախարարության համապատասխան հանձնաժողովը երրորդ անգամ է արդեն փոխում ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի պահման ռեժիմը:
Արմեն Տեր-Սահակյանին, որը 25 տարի կալանավայրում է, կիսաբաց ռեժիմ տանելու վերաբերալ քրեակատարողական հիմնարկը որոշումներ է կայացրել՝ 2020 և 2021 թվականին: Անցյալ տարի Տեր-Սահակյանը հինգ ամիս ապրել կիսաբաց ռեժիմում: Այս տարի՝ մոտ մեկ ամիս: Վերջին անգամ նրան փետրվարի կեսերին տեղափոխեցին կիսաբաց ռեժիմ, ապա, ընդամենը մեկ ամիս անց՝ մարտի 13-ին, կրկին հետ տարան «Նուբարաշեն» ՔԿՀ:
Պատիժների օրինականությունը վերահսկող դատախազ Գ. Իսախանյանը արդեն երրորդ անգամ է կասեցնում տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները:
Արմեն Տեր-Սահակյանի որդին՝ Աբգար Տեր-Սահակյանն ասում է, որ դատախազությունից դեռ որևէ հիմնավորում չունեն, թե ինչու են փոխել հոր պահման ռեժիմը: «Հույս ունենք, որ էդ որոշումը կկասեցվի: Հայրս էս անգամ նորմալ է տանում, շատ չի ներվայնանում: Հույս ունենք, որ դատախազը կչեղարկի էդ որոշումը», — ասում է դատապարտյալի որդին:
Դատապարտյալի ռեժիմը փոխելիս հաշվի են առնում, թե արդյոք զբաղվել է նա սպորտով, թե ոչ, քանի անգամ է հաճախել գրադարան, ներգրավվել է արդյոք ինքնագործ խմբերի, լսել է արդյոք դասախոսություններ տարբեր թեմաներով, մասնակցել է դասընթացների և այլն:
2000 թվականից անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արտակ Ալեքյանն այս առումով օրինակելի է: Դասախոսների բնութագրերը, ինքնագործ միավորումներում մասնակցության հավաստագրերը, իր ձեռքով սարքած եկեղեցիների մակետները նա հավաքում է, որպես ապացույց իր օրինական վարքի: Բայց դրանք իրեն այնքան էլ չեն օգնել:
Արտակ Ալեքյանը վերջին երեք տարիներին «Արմավիր» ՔԿՀ-ում է: Նրա պահման ռեժիմը մարտի 11-ին փոխեցին, բայց կարճ ժամանակ անց՝ ապրիլի 13-ին, ԱՆ հանձնաժողովի որոշումը կրկին չեղարկվեց, և Ալեքյանին նորից տարան կիսափակ ռեժիմ առանց որևէ հիմնավորման:
«Որոշումը բերել են շուտ կասեցնել, փակել, ոնց որ Արտակը «նառուշենի» էր արել, ինչ: Ափալ-թափալ տեղափոխեցին: Նա ցուցահանդեսների է մասնակցել, սպորտային միջոցառումների, 4-րդ տեղն է գրավել եմ գրավել: Նրա նկարները քրեակատարողական ծառայության կայքում դրված են, թե ոնց է դրսից եկած քաղաքական գործիչների հանդիպումներին մասնակցում: 7 գործեր է ներկայացրել ցուցահանդես վաճառքի, որոնցից 3 հատը գնել են: Հիմա էլ նա իր համար նստած գործ էր անում, մարդիկ որոշեցին, որ պետք է արագ տանեն, փակեն: Սա հոգեկան խոշտանգում է, Արտակի և նրա ընտանիքի նկատմամբ», — ասում է Արտակ Ալեքյանի ընկեր ու սանիկ Ռազմիկ Փիրոյանը:
Արտաք Ալեքյանի ընտանիքի անդամները և նրա փաստաբան Ռուբեն Սարգսյանը պատրաստվում են դիմել արդարադատության նախարարությանը, պահանջելով դադարեցնել ցմահ Ալեքյանի նկատմամբ իրականացվող հոգեբանական խոշտանգումը:
«Դատախազությունը չի ուզում հրաժարվել իր անմարդկային համբավից։ Հասկանալի է, մեծ գործերը տանուլ է տալիս և ազդեցության այլ ոլորտներ է թիրախավորում։ Անհասկանալի է այն, թե ինչու է արդարադատության նախարարությունը սա հանդուրժում, երբ դատապարտյալներն այս համակարգում են և հենց իրենք են դրական բնութագիր տալիս նրանց։ Եվ վերջին հաշվով օրենքն ինչու ընդունվեց, եթե չի ծառայելու այս մարդկանց։ Ինչքան պետք է շարունակվի դատախազության ապօրինի գերակայությունն այս ոլորտում», — երեկ իր ֆեյսբուքյան էջին գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Մեր հարցին, թե ինչ հիմնավորմամբ է դատախազությունը կասեցրել արդարադատության նախարարության տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները, ԱՆ փոխնախարար Արփի Սարգսյանը պատասխանեց. «Հիմնավորումներն ուղարկվել են տեղաբաշխման հանձնաժողովին, վերջինս դեռ պետք է տեսնի որքանով է օբյեկտիվ կասեցումը և որոշում կայացնի»:
Կարո՞ղ է արդյոք տիկին Սարգսյանը ժամկետ նշել: «Հանձնաժողովի առաջիկա նիստերի շրջանակներում կդիտարկվի՝ հաշվի առնելով այն, որ հանձնաժողովը հատկապես կասեցումների մասով փորձում է սեղմ ժամկետում որոշում կայացնել», — նշեց արդարադատության փոխնախարարը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: