44- օրյա պատերազմին Հայաստանի ասորական համայնքը տվել է 9 զոհ:  Հայաստանի ասորիների «Աթուր» միության նախագահ Արսեն Միխայլովի խոսքով՝ պատերազմին ասորի մասնակիցների թիվը կազմել է 121 հոգի: Բացի 9 զոհից, համայնքի եւս 10 ներկայացուցիչ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ:

Ինչպես հայտնի է, ասորիները Հայաստանի բնակչության կազմում ազգային փոքրամասնություններից երրորդն են եզդիներից եւ ռուսներից հետո: Համաձայն 2001թ. մարդահամարի, Հայաստանում բնակվում է 6000  ասորիներ: Հայտնի է, որ Խորհրդային Միության փլուզումից առաջ մեր երկրում ապրում էին 6000 ասորիներ, սակայն Հայաստանի տնտեսական իրավիճակի պատճառով, բազմաթիվ ասորիներ արտագաղթել են:

Ի պատասխան մեր հարցին, թե պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ինչ խնդիրների են բախվել զոհվածների հարազատները, եւ արդյոք նրանք ստանում են պատշաճ վերաբերմունք, Արսեն Միխայլովն ասաց. «Կան դեպքեր, երբ ծնողները հավատում են, որ իրենց որդին գալու է, թեեւ նա զոհված է: Դրան են հավատում եւ արդեն հասել է այն բանի, որ ճիշտ է մենք օգնել ենք այդ մարդկանց, հոգեբաններ ենք ուղարկել մասնագետներ, բայց նրանք դիմում են տարբեր մարդկանց, ովքեր նրանց խաբում են: Այդ խնդիրը կա, բայց մենք փորձում ենք օգնել»:

Միխայլովի խոսքով, այն գումարները, որոնք հատկացվել են պետության կողմից, զոհվածների ընտանիքները ստացել են. «Բացի դա դրսից մեր ասորական համայնքը մեծ օգնություն է ցուցաբերել եւ զոհվածների ընտանիքներին եւ վիրավորների, այլեւ պատերազմին մասնակցածների ընտանիքներին: Դրանից ելնելով, բացի պետական աջակցությունից եղել է եւ դրսի ասորական համայնքի աջակցություն: Նաեւ եկեղեցու կողմից է օգնություն եղել»:

Ասորական համայնքի ներկայացուցչի խոսքով, զոհված ասորի զինծառայողներից միայն մեկն է հուղարկավորված Եռաբլուրում, սակայն պատճառը ոչ թե խտրական վերաբերմունքն է, այլ այն, որ ծնողները ցանկանում են, որ որդիների շիրիմները իրենց մոտ լինեն. «Ասորիները հիմնականում ապրում են Հայաստանի տարբեր մարզերի ասորաբնակ գյուղերում:  Մենք, օրինակ,  ունենք եղբայրական գերեզման Աբովյանում: Այնտեղ մի ասորի տղա է հուղարկավորված, ով ոչ թե գյուղի գերեզմանատանն է, այլ իր զոհված ընկերների հետ միասին է, կարծեմ 11 հոգով: Մի տղա ունենք, ով Եռաբլուրում է: Ինքը Երեւանցի էր, այնտեղ էլ հուղարկավորվել է: Մենք չենք ունեցել այդպիսի խնդիր, որ, օրինակ, որեւէ գյուղում ապրող զոհված զինվորի ծնողները ուզեն որդին Եռաբլուր տեղափոխվի, եւ դա խնդիր դառնա»:

Նշենք, որ ավելի վաղ մենք բազմիցս անդրադարձել ենք պատերազմում զոհված ասորի զինծառայողների պատմություններին: Նրանց թվում են Թորգոմ Սայադյանը, Արսեն Դանիելովը , Իվան  Ավդոշոեւը, Վիտալիկ  Իոնանովը, Ռուդիկ Սարխոշեւը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest