ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ խաղաղության։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Մենք հավատարիմ ենք Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի առաջխաղացման գործին: Մենք ողջունել ենք ապրիլի 6-ին Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կայացած հանդիպումը, ներառյալ խաղաղության բանակցություններին նախապատրաստման դրական դինամիկան և սահմանների սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ձևավորումը։ Ինչպես հանդիպման նախօրեին՝ ապրիլի 5-ին այդ երկու առաջնորդների հետ բանակցությունների ժամանակ ընդգծել է պետքարտուղարը, մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները»,- ասել է Փրայսը։

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի պնդմամբ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է գաղափարակից գործընկերների հետ երկկողմ համագործակցությանը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որպեսզի օգնեն երկրներին հասնելու համապարփակ խաղաղության։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 4 ժամից ավելի տեւած հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Ալիևն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել էին սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest