Փաշինյանի դեմ այժմ շուրջ մեկ տասնյակ դատական հայցեր կան

161

Երկրորդ նախագահն ընդդեմ վարչապետի գործով ապրիլի 13-ի դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատարանին ներկայացրեց լրացուցիչ ապացույցներ, որոնք, ըստ իրենց, հաստատում են, որ անցած տարի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը զրպարտել է նախկին նախագահին ու խախտել նրա անմեղության կանխավարկածը։

«Ես անհրաժեշտ համարեցի գրավոր ապացույցներ ներկայացնել, որ այդ ժամանակաշրջանում պարոն Քոչարյանը մեղադրվում էր դեռևս 301․1 հոդվածով, և ներկայացնում եմ այդ կապակցությամբ՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը», — ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երրորդ անգամ հայց էր ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հայցով պահանջ է ներկայացվում հաստատել Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը, հատուցել խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հնչեցված արտահայտությունները և հատուցել զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը:

Քոչարյանը պահանջում է հերքել 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքում 2008-ի արյունալի իրադարձությունների և գործի քննության վերաբերյալ Փաշինյանի արած որոշ հայտարարություններ և որպես փոխհատուցում վճարել 4 միլիոն դրամ։

Հայցով պահանջ է ներկայացվում հաստատել Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը, հատուցել խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հնչեցված արտահայտությունները և հատուցել զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը:

Հիշեցնենք, որ անցած տարի մարտի 1-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքի հարթակից վարչապետը հայտարարել էր, որ 2008-ին Հայաստանի իշխանությունները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրեցին։

«Շատ կարևոր է արձանագրել, որ այս՝ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ, ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է։ Շատերը հարց են տալիս, թե ինչպե՞ս կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն։ Իմ կարծիքը, անձնական գնահատականն այն է, որ ճիշտ է՝ կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է», — հայտարարել էր Փաշինյանը։

Թեև Փաշինյանն իր ելույթում նախկին նախագահի անունը չէր տվել, բայց Քոչարյանի ներկայացուցիչներն ակնհայտ են համարում, որ ելույթը հենց Ռոբերտ Քոչարյանի մասին էր, նա 2008-ի մարտի 1-ին դեռ Հայաստանի նախագահն էր։

«Այն փուլում, երբ դատարանը քննում էր սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող Քոչարյանի ու նրա նախկին երեք ենթակաների գործը, և մեղադրանքը ապացուցված չէր, վարչապետը նման հայտարարություններ էր անում՝ մեղադրանքի սլաքներն ուղղելով Քոչարյանին»,- ասում է փաստաբան Հայկ Ալումյանը։

Ըստ փաստաբանի՝ վարչապետն ասել էր այնպիսի բաներ, որոնք տպավորություն էին ստեղծում, որ այն, ինչ որ քրեական գործով մեղասագրված է պարոն Քոչարյանին, դրանք ամբողջն արդեն հաստատված իրականություն է։ Այդ նույն տեքստը նրանք համարել են նաև ոչ միայն զրպարտչական, այլև անմեղության կանխավարկածը խախտող։

Վարչապետի փաստաբան Դավիթ Հունանյանն ասում է՝ Փաշինյանը 2021 թվականի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ չի խախտել Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը և չի զրպարտել նրան, քանի որ իր կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքն է իրացրել:

Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Փաշինյանի դեմ այժմ շուրջ մեկ տասնյակ հայցեր կան՝ զրպարտության, պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու բողոքներով։ Հայցվորները հիմնականում նախկին պաշտոնյաներ են, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գայանե Խաչատրյանի, փետրվարին 18-ին հրապարակել էր «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի» գործով վճիռը։

Դատարանը պարտավորեցրել էր Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո (մարտի 18) հինգ աշխատանքային օրվա ընթացքում Facebook սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը.

«Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:

Գրառման անհնարինության դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը պարտավորվելու էր հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման տեքստը։

Հրայր Թովմասյանի հայցապահանջը բավարարվել էր մասնակի, այն է՝ ներողություն խնդրել պարտավորեցնելը։

Մարտի 24-ին Փաշինյանը դիմեց Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ բողոքարկելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մասնակի բավարարելու վճռի դեմ։