ՀՀ կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար.

159

ՀՀ կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար: Հայաստանի անվտանգության համակարգն ուղղակի ավերվում է նման հայտարարություններով, որոնք պայմանավորված են քաղաքական նեղ շահերով և չունեն մասնագիտական հիմքեր: Այս կերպ են պատերազմի ավարտից սկսած միջազգային հանրությունից թաքցվել ադրբեջանական հանցավոր արարքների մանրամասները:

Այդ փաստերը թաքցվել են նաև ներքին հանրությունից ու Սփյուռքից: Լուրջ ճնշումների են ենթարկվել ու շարունակում են ենթարկվել այդ փաստերը բարձրաձայնողները: Տեղի է ունենում պարզապես ինֆորմացիոն բլոկադա: Սեփական սխալները կոծկելու և դժգոհություններ առաջ չբերելու համար ՀՀ բարձրաստիճան տարբեր ղեկավար պաշտոնյաների կողմից արդարացվել ու օրինականացվել են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները, սեփական քաղաքական շահերի համար արվել են Հայաստանի տարածքային իրավազորությունը Ադրբեջանին զիջող պաշտոնական հայտարարություններ՝ անտեսելով Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգությունը, կյանքի և մյուս իրավունքները:

Այս պաշտոնյաները նաև հետևողականորեն զրոյացրել են պատմական նշանակության մեր հիմնարար թեզերը՝ սկսած նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախի հետ և չի էլ ունեցել, անտեսվել է, որ ադրբեջանական պետական դոկտրինայում Հայաստանի զգալի մասը համարվում է «ադրբեջանական պատմական տարածք» և որ մեր նկատմամբ տարվում է ֆաշիզմի հասնող ատելության ու թշնամանքի քաղաքականություն և այլն: Այս ամենը միջազգային ասպարեզում ազատել է Ադրբեջանի ձեռքերը և հնարավորություն տվել աշխարհը կեղծիքներով լցնելու հաշվին զբաղեցնելու իր շահերի համար նպաստավոր դիրքեր, իսկ մեզ դրել աշխարհաքաղաքական շահերի հորձանուտի մեջ:

Դատապարտելի կերպով առաջ քաշվեց և սկսվեց աշխարհին գովազդվել, այսպես կոչված, «խաղաղության» օրակարգը այն դեպքում, երբ Ադրբեջանը մեզ հետ խաղաղության մասին շարունակում է խոսել միայն ավերելու ու ոչնչացնելու սպառնալիքներով և շարունակում իր հանցավոր արարքները: Զուգահեռ՝ Հայաստանում սկսվեցին մարդկանց զգոնությունը թմրեցնող հայտարարություններ՝ առանց մեկ գրամ անգամ տեսնելու այդ օրակարգի արդյունքները: Արդյունքում՝ «խաղաղությունը» մնաց միայն մեզ վրա և ստացվեց այնպես, որ դա պետք է իրականացվի մեր իրավունքների ու արժանապատվության, Հայրենիքի հաշվին՝ ինչ է, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք իրենց քաղաքական շահերն ու պաշտոնների պահպանումը երկրի անվտանգությունից ավելի են գերադասում:

Ուստի, ՀՀ կառավարության ղեկավարի ու, առհասարակ, որևէ այլ պաշտոնյայի կամ պետական մարմնի նման որևէ հայտարարություն չունի լեգիտիմություն և չի կարող դրվել մեր ժողովրդի շահերի պաշտպանության հիմքում: