Հացադուլի 16-րդ օրը ահազանգ Վճռաբեկ դատարանին. «Իմ պաշտպանյալն ակնհայտ անմեղ է»

153

«Սասնա ծռեր» խմբի գործով ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանն արդեն 16-րդ օրն է հացադուլ է հայտարարել։ Փաստաբան Աննա Ծառուկյանի խոսքով՝ վերջինս ունի առողջական խնդիրներ։ Բուժկենտրոնը համապատասխան հետազոտություններն անելուց հետո ասում է, որ խնդիրներ չունի և ցուցում չունի Դատապարտյալների հիվանդանոց գնալու։ Վերջինս պնդում է, Արմեն Բիլյանի առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ։ Հակասության մեջ են մտել բուժկենտրոնի տվյալներն, ու, ըստ իրեն, իր վիճակը։

Հացադուլ հայտարարելով Արմեն Բիլյանը երկու պահանջ է ներկայացնում՝ իրեն տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց և արդարադատություն իրականացնել իր դեմ հարուցված քրեական գործով:

«Պահանջը, որ ակնհայտ անմեղ է, սպանության մասով՝ մասնավորապես։ Բայց Վերաքննիչ դատարանի ապօրինի որոշման հիման վրա հայտնվեց կալանավայրում։ Հացադուլը նաև ահազանգ է, որ Վճռաբեկ դատարանը ուշադրություն դարձնի և վարույթի հետ կապված խնդիրներ չառաջացնի»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Փաստաբանի տվյալներով Բիլյանը 10կգ նիհարել է․

«Բժիշկներն այցելում են, Օմբուդսմենի գրասենյակից երեկ մուտք է եղել։ Մայրը պարբերաբար զանգ էր տալիս, երեկ վերջապես գնացել են։ Այս պահին չունեմ տեղեկություն, վերջին տեղեկությունս երեկվա դրությամբ է։ Դանդաղ քայլում է, դուրս է գալիս մաքուր օդի, բայց թույլ է»,-ասաց Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, 2021թ. փետրվարի 21-ին Արմեն Բիլյանին սպանության մեղադրանքում արդարացրել էր՝ ճանաչելով անմեղ՝ մեղսագրված արարքի կատարմանը վերջինիս մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Նրա նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկում՝ 4 տարի 11 ամիս 6 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Նա կալանքից ազատ էր արձակվել հենց դատարանի դահլիճից:

Սակայն վերաքննիչ քրեական դատարանը մեղադրող դատախազի բողոքը բավարարել էր մասնակի և փոփոխել էր Արմեն Բիլյանի դատավճիռը: Դատարանը Արմեն Բիլյանին մեղավոր է ճանաչել նաև սպանության համար և պատիժ նշանակել 25 տարի ազատազրկում:

«Վճռաբեկ բողոք ենք ներկայացրել, հիմա վարույթ ընդունելու ու չընդունելու գործընթացի մեջ ենք»,-դատական գործը որ փուլում է հարցին պատասխանեց Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք: Ապա զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով: Նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, և այդ արարքները կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով:

Մեղադրանքի համաձայն՝ նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք։ Հանցանքների կատարումը հեշտացնելու նպատակով պատանդ է վերցրել ու հրազենային վիրավորումով դիտավորությամբ կյանքից զրկել է ՀՀ ոստիկանության աշխատակցին: «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ բանկոմատից կատարել է առանձնապես խոշոր չափերով գումարի գաղտնի հափշտակություն: Այնուհետև կամովին ազատել է զավթած շենքերը և շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։

ՄԻՊ-ը երեկ այցելել է Արմեն Բիլյանին ու համապատասխան գրությունն ուղարկել Արդարադատության նախարարություն։