Պաշտպան Նորիկյանը միջնորդեց դատարանին քրեական հետապնդում սկսել տուժողի իրավահաջորդի նկատմամբ

128

Նորք և Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 8-ի դատական նիստում լսեց 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Իշխանաձորում 17 զինծառայողների զոհվելու դեպքի ականատես ոստիկանության Քաշաթաղի շրջանակային բաժնի պարեկապահակետային ջոկի ոստիկան Աղաբեկ Խաչատրյանի հարցաքննությունը։ Երկրում ռազմական դրություն հայտարարելուց հետո վերջինս ծառայություն է իրականացրել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարության կողմից ստացվել է հրաման՝ զորամասի անձնակազմը Հորադիզի շրջանից Ջաբրայիլի շրջան տեղափոխել, սակայն ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից «Ուրալ» ավտոմեքենան պայթել է։ Զոհվել է 17 զինծառայող։ Նրանք բոլորը այրվել են, մոխրացել: Նրանցից ողջ է մնացել մեկը՝ ստանալով մարմնական վնասվածքներ։

Ամբաստանյալի աթոռին է փոխգնդապետ, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ Անդրանիկ Վերանյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության պայմաններում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը՝  անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Ապրիլի 8-ի դատական նիստում հրամանատար Վերանյանի պաշտպան Նորայր Նորիկյանը միջնորդություն ներկայացրեց՝ կիրառել դատական սանկցիա տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանի նկատմամբ՝ նրան 36 ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից(18 զոհված զինծառայողներից Արմեն Օհանյանի հայրն է): Պաշտպան Նորիկյանը միջնորդում էր նաև նույն կերպ վարվել Օհանյանի կնոջ և որդուն հետ նրանց ևս հեռացնել դատական նիստերի դահլիճից:

«Փետրվարի 24-ին կայացված դատական նիստի արձանագրությամբ պարզվել է, որ դատական նիստի մասնակիցների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ լսվել է մի տղամարդու ձայն, որն այլ անձի հասցեին սպանության սպառնալիք է հնչեցնում։ Միաժամանակ առանց ձայն տեսախցիկների ուսումնասիրմամբ պարզվել է՝ դատարանի շենքի միջանցքում և դրսում մի տղամարդ փորձում է հարձակվել պաշտպան Նորիկյանի վրա»,-ասվում էր պաշտպանի միջնորդության մեջ։

Օհանյանի կնոջ նկատմամբ դատական սանկցիա կիրառելու իրավական հիմքի բացակայության հիմնավորմամբ, դատավորը դատական սանկցիա կիրառեց միայն Հարություն Օհանյանի նկատմամբ՝ հեռացնելով նրան այդ օրվա դատական նիստից:

Նորիկյանը դիմել է նաև ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ Փաստաբանների պալատի նախագահին՝ վկայակոչելով օրենքը, որի համաձայն նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո, պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ օրենքով սահմանված միջոցներ, եթե նրա կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնության, գույքի ոչնչացման կամ այլ անօրինական գործողություններով։ 

Վերջինս դատարանին ներկայացրեց միջնորդություն, որով ՀՀ Գլխավոր դատախազից խնդրում է հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեական հետապնդում մեղավոր անձանց արարքներին իրավական գնահատական տալու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Հիշեցնենք, Հարություն Օհանյանը գործով հանդես է գալիս որպես ականատես վկա: Նա տեսել է երկնքում պտտվող ԱԹՍ-ը և զգուշացրել այդ մասին հրամանատար Վերանյանին, սակայն վերջինս անտեսել է այդ իրողությունը և  զինվորներին հրամայել նստել ՈԻրալը և շարժվել: Նշենք, որ ԱԹՍ-ի հարվածից հետո բռնկված հրդեհից 17 զինվորների հետ միաժամանակ այրվել է նաև  Հարություն Օհանյանի որդին և նա հնարավորություն չի ունեցել փրկել որդու կյանքը:

Իրավահաջորդի դատարանի դահլիճը լքելուց հետո սկսվեց Աղաբեկ Խաչատրյանի հարցաքննությունը։ Ըստ Խաչատրյանի նախաքննական ցուցմունքի՝ դեպքի օրը նա և իր ջոկի ոստիկան Սենիկ Հովհաննիսյանը գտնվել են Իշխանաձոր գյուղի խաչմերուկում։ Այդ ժամանակ լսել է ԱԹՍ-ի ձայնը, խաչմերուկում գտնվող մեծաքանակ մարդկանց, որոնք հիմնականում պահեստազորից զորակոչվածներ են եղել, ասել է, որ պատսպարվեն։ Այդ ընթացքում խաչմերուկին մոտեցել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա, որին նույնպես նա ձեռքով հասկացրել է, որ կանգնեն։ Այնտեղ եղել է նաև «Ջիպ» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ է եղել բեռնատարում գտնվող զինվորներից մեկի հայրը։ Բեռնատարի կանգնելուց հետո, անձնակազմը իջել է ու պատսպարվել։ Այդ ընթացքում ռադիոկապի միջոցով իրեն է զանգել իրենց բաժանմունքի լիազոր Արմեն Ավետիսյանը և տեղեկացրել, որ օդում ԱԹՍ կա, թող հրահանգեն պատսպարվել։ Իր հիշելով ԱԹՍ-ի ձայնը լսվել է մոտ 20-30 րոպե։ Այն արդեն կար օդում, երբ բեռնատարը եկել կանգնել է։

10 րոպե հետո խաչմերուկին է մոտեցել «Պիկապ» մակնիշի կանաչավուն մուգ ու բաց երանգով գունաքողարկված մի ավտոմեքենա, որը կանգնել է խաչմերուկում։ Ավտոմեքենայից իջել է զինվորական համազգեստով մի տղամարդ(հետագայում պարզվել է, որ Անդրանիկ Վերանյանն է), որը, դիմելով բեռնատարից իջած անձնակազմին, որոնք նույնպես հայկական զինվորական համազգեստով են եղել, (հետո իմացել է, որ Մեղրիի զորամասի սակրավորներն են եղել) բարձր ասել է. «Ձեզ ո՞վա ասել իջնեք, շու՛տ արեք, նստե՛ք, գնում ենք»։

Անձնակազմը նստել է մեքենան, սկզբից շարժվել է «Պիկապ»-ը հետո՝ «Ուրալ»-ը, որի հետևից էլ բաց գույնի «Ջիպ»-ը։ Շարժվել են Ջաբրաիլի ուղղությամբ։ Խաչատրյանը հիշում է՝ «Պիկապ»-ը շարժվել է նույն ուղղությամբ։ Մոտ 5-10 րոպե անց, նրանց շարժման կողմից լսել է ԱԹՍ-ի սուր ձայնը, որից առավելագույնը 10 վայրկյան անց լսվել է պայթունի ձայնը։ Իրենք չեն գնացել, մնացել են ծառայությունը շարունակելու։ Քանի որ մութն արդեն ընկել էր բեռնատարը քարշակելու միջոցով տեղափոխել են Իշխանաձոր գյուղ։ Դիակները դեռ թափքում են եղել, ու նկատել է, որ բոլորն այրվել են անճանաչելիության աստիճան։ Դիակները տեղափոխել են, իսկ մեքենան ծածկել են սև պոլիէթիլենային ծածկոցով։ Նույն մեքենան ևս մեկ անգամ թշնամու ԱԹՍ-ի կողմից խոցվել ու պայթեցվել է։

Խաչատրյանի խոսքով՝ նույն խաչմերուկի հարակից տարածքում եղել են «գրադ» զինատեսակի հրթիռներ, որոնք պայթունավտանգ էին ու, եթե պայթեցնեին, ապա հնարավոր է՝ այդ խաչմերուկում ողջ մարդ չմնար, և, որ այդ խաչմերուկը «շատ վտանգավոր էր»՝ այդտեղ պահեստավորված մեծ քանակի «գրադի» արկղերի պատճառով։

Նախաքննական ցուցմունքը հրապարակելուց հետո դատախազ Հայկ Մարգարյանը նկատեց հակասություն վկայի ցուցմունքի և նիստում նշած արտահայտությունների մեջ՝ ասելով, որ ցուցմունքի ընթացքում մի քանի անգամ շեշտել է «գրադի սնարյադներ» են, բայց նիստում ասում է «գրադի արկղեր»։

Դատապաշտպան Նորայր Նորիկյանն էլ հարց ուղղեց վերջինիս, որ, եթե այդ տարածքը վտանգավոր էր, որովհետև այդտեղ կային հրթիռներ, հիվանդանոց և այլն, ինչու՞ էր նա կանգնեցնում ավտոմեքենան այդ «վտանգավոր վայրում».

 «Կարո՞ղ ենք արձանագրել, որ այդտեղից անձնակազմը հրամանատարի հրահանգով հեռացվել է վտանգավոր վայրից»,- հարցրեց Նորիկյանը։

Վկան պատասխանեց, որ հնարավոր է արկղեր նկատի ունեցած լինի, բայց ասած լինի «սնարյադ». կոնկրետ չի հիշում։

«Մեքենաններով բերում էին, դատարկում էին, մեջը չեմ տեսել։ Երկար արկղերից էր, հրթիռների արկղերից, պարզ երևում էր, որ հրթիռի արկղ էր։ Ես զգուշացրել եմ պատսպարվել, օդը մաքուր չի, ես չեմ ասել գնացեք մտեք նավեսի տակ»,-պատասխանեց ոստիկանը։

Քնարիկ Վարդանյան