Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթ համայնքից տեղահանված ընտանիքներին

70

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված և Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին:

Արձագանքելով Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ գրառմանը՝ այցի շրջանակներում ՄԻՊ ներկայացուցիչներին են միացել նաև Արցախում գործող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները։

Պաշտպանի ներկայացուցիչների կողմից դիտարկվել են տեղահանված և ժամանակավորապես Այգեստան գյուղում բնակություն հաստատած ընտանիքների՝ կանանց, երեխաների և տարեցների կեցության պայմանները, սնունդը, հոգեբանական վիճակը:

ՄԻՊ աշխատակազմի կողմից տեղահանվածներն իրազեկվել են ստեղծված իրավիճակում Կառավարության համապատասխան ծրագրերի մասին՝ ուղղված նրանց սոցիալ-հոգեբանական իրավիճակի մեղմացմանը։

Արձանագրված խնդիրները Պաշտպանի կողմից ներկայացվել են պետական լիազոր մարմիններին։