Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ բավարարելով զինծառայող Վալերի Մուրադյանի մոր բողոքը։ ՄԻԵԴ–ը գտել է, որ խախտվել է Նանա Մուրադյանի որդու՝ Վալերի Մուրադյանի կյանքի իրավունքը, պետության կողմից չի պաշտպանվել, և չի կատարվել պատշաճ հետաքննություն մահվան հանգամանքները պարզելու համար։ Համաձայն վճռի՝ Հայաստանը պարտավոր է Նանա Մուրադյանին վճարել 20 000 եվրո փոխհատուցում։
«ՄԻԵԴ–ի վճիռն ինձ համար մի լավ ապտակ էր պետությանը, թեև մի քիչ թույլ էր, քանի որ գումարի չափը եթե մեծ լիներ, ապտակն էլ մեծ կլիներ։ Ինձ համար գումարայինը սիմվոլիկ ա, բայց պետության համար ոնց–որ շատ կարևոր ա։ Ու ինչքան հասկանում եմ՝ մեր ներկայացուցիչը ՄԻԵԴ–ում՝ Եղիշե Կիրակոսյանը, լավ աշխատել ա, որ գումարայինը ինչքան հնարավոր ա, քիչ լինի։
Իմ տղայի կյանքը ոչ մի տեսակի գումարը չի կարող փոխհատուցել, բայց շատ լավ էր՝ եվրոպական դատարանն արձանագրեց, որ խախտվել է իմ տղայի կյանքի իրավունքը պետության պահպանության ներքո։ Ինձ չի հետաքրքրում՝ ներքին կարգով ինչ պայմանավորվածություն կա, որ Հայաստանի զինվորներին տանում են Ղարաբաղ, իմ տղային անօրինական են տարել Ղարաբաղ ու հոշոտել»,– forrights.am- ի հետ զրույցում պատմում է Նանա Մուրադյանը։
Վալերի Մուրադյանի դին հայտնաբերվել է 2010 թվականի մարտի 15–ին զորամասի շինություններից մեկի հետնամասում՝ պտտաձողից կախված։ Վալերին ծառայության է անցել 2009 թվականի նոյեմբերին Ստեփանակերտի Հայկազով զորամասում։
Նանա Մուրադյանը համոզված է, որ սա սպանություն է․ «Որովհետև իմ տղան զանգել ա դեպքից 4 օր առաջ, խոսել ենք, ասել ա՝ «մամա, սալյարկի գողություն եմ տեսել, սա բանակ չի, բարդակ ա։ «Աֆիցերը» իրա մեքենայով գալիս ա, տղերքը լցնում են, գնում ա»։ 4-5 օր հետո իմ էրեխու գլուխը կերան»։
Զինծառայողի մոր խոսքով՝ ամբողջ քրեական գործը աղավաղել են, կեղծել են, իրեղեն ապացույցները ոչնչացրել են, նորմալ փորձաքննություն չի կատարվել։ Վարչապետի հանձնարարականով ստեղծված խումբն ուսումնասիրել է քրեական գործը, և արդեն կա խորհրդատվական եզրակացություն, որտեղ շուրջ 31 խախտում է արձանագրված։
«Ամեն ինչ արել են, որ գործը տանեն փակուղի։ Ես չեմ թողնի՝ սենց մատների արանքով նայեն։ Որ եվրոպական դատարանը վճիռը կայացրեց, չի նշանակում՝ գնալու ենք, խելոք նստենք տեղներս։ Հասնելու եմ նրան, որ մարդասպանները ճաղերի հետևում հայտնվեն ու արևի լույս չտենան։ Իմ տղեն հողի տակը չի տեսնում արևի լույս, իրանք էլ ճաղերի հետևում պիտի հայտվեն, չտեսնեն»։
ԱՆի Թորոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: