Սպային մարմնական վնաս հասցնելու դեպքով նյութեր են նախապատրաստվում

40

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում շտաբի պետի կողմից զորամասի սպաներից մեկին վեճի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու մասին տեղեկությունների վերաբերյալ․

«Մամուլում երեկվանից տեղեկություններ են հրապարակվում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում շտաբի պետի կողմից զորամասի սպաներից մեկին վեճի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ: Հարկ եմ համարում տեղեկացնել, որ հիմք ընդունելով Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տվյալները, ինչպես նաև Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից ստացված հաղորդումը, ՀՀ զինվորական դատախազության Սևանի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դեռևս ապրիլի 2-ից սկսվել են նյութեր նախապատրաստվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով:

Արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Սևանի կայազորի զինվորական դատախազությունում դեպքի առթիվ այսօր՝ ապրիլի 4-ին, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու, դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպի պատճառներն օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ»,-ասված է գրառման մեջ»։