Մահացել է շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը

265

Մահացել է բնապահպան, ՀՀ պետական և հասարակական գործիչ, ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է նրա դուստրը:

ՀՀ պետական և հասարակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը ծնվել է հունիսի 9, 1947, Երևանում:

1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժինը։

1971-1974 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրայում։ 1994-1996 թվականներին սովորել է ԵՊՀ դոկտորանտուրայում։

Աշխատանքային գործունեությունը

1976-1980 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ էքսպերիմենտալ կենսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։

1980-1985 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ կենսոլորտի հիմնախնդիրների գիտական խորհրդի գիտական քարտուղար։

1985-1990 թվականներին՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Գիտատեխնիկական ինֆորմացիայի ինստիտուտի վարչության պետ։

1990-1991 թվականներին՝ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ՝ բնապահպանության և առողջապահության գծով։

1991-1994 թվականներին՝ ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարար։

1996 թվականից – ԵՊՀ դոցենտ։

1996 թվականից ցայսօր – «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ։

2009 թվականից առ այսօր – ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

2009 թվականից առ այսօր – ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ։

2010 թվականից – ԵՊՀ պրոֆեսոր։

2016 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Շուրջ 270 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է։

Պարգևներ և կոչումներ

Կենսաբանական գիտությունների թեկնածու (1975)։

Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1999)։

Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ (1998)։

Անանիա Շիրակացու մեդալ (2012)[2]։

Երևանի պատվավոր քաղաքացի (2014)։