2021-ին կոռուպցիոն հանցագործություններով 798 քրեական գործ է հարուցվել

154

Ըստ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրության՝ 2021թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմիններում հարուցվել է 798 քրեական գործ, ինչը 35.2%-ով կամ 434 դեպքով պակաս է 2020թ. համեմատությամբ:

2018-2021թթ. ցուցանիշների ուսումնասիրությունը փաստում է, որ 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների արդյունքում ինչպես տվյալ, այնպես էլ 2019թ. գրանցվել է կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի կտրուկ աճ, ինչը պայմանավորված է եղել հատկապես այդ երկու տարվա ընթացքում մինչև 2018թ. կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քաղաքացիներից, այլ սուբյեկտներից աննախադեպ քանակությամբ հաղորդումների ստացմամբ: Վերջին երկու տարիների ընթացքում արձանագրվում է այս միտումների անկում: Բացի այդ, վերջին տարիներին իրավապահ մարմինների կողմից կոռուպցիայի դեմ տարված և շարունակվող ակտիվ, նախաձեռնողական և շոշափելի պայքարը տալիս է դրական արդյունք կոռուպցիոն վարքագծից ձեռնպահ մնալու գիտակցության արմատավորման առումով: Այս բնույթի հանցագործությունների նվազմանը նպաստել է նաև կոռուցպիոն հանցագործությունների պատճառների և պայմանների, հայտնաբերված պետական շահերի խախտումների վերացման նպատակով ՀՀ դատախազության կողմից պատկան մարմիններին բազմաթիվ միջնորդագրերի ներկայացումը: 2021թ. ընթացքում միայն կոռուպիոն քրեական գործերով դատախազների կողմից ներկայացվել է 95 միջնորդագիր՝ 2020թ. համեմատ (72) 32%-ով ավելի: Դրանց քննարկման արդյունքում ձեռնարկվել են առարկայական միջոցներ՝ ընդհուպ խախտում թույլ տված պաշտոնատար անձանց պաշտոններից ազատումներ, ոլորտները կարգավորող իրավական ակտերի բարելավումներ, որոնք ևս նպաստել են կոնկրետ ոլորտներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի նվազմանը: 2021թ. ավարտվել է կոռուպցիոն բնույթի 730 քրեական գործի վարույթ, որը նախորդ տարվա արդյունքից ավելի է շուրջ 2%-ով: Շարունակվել է իրագործվել նախորդ տարիներից որդեգրած՝ ոչ մեծ կամ միջին ծանրության կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու պարագայում օրենքի պահանջների լիարժեք առկայությամբ լայն խրախուսական գործիքակազմ կիրառելու և գործուն զղջալու, ոչ արդարացնող այլ հիմքերով քրեական գործով վարույթը կարճելու քաղաքականությունը։ 2021թ. ընթացքում ավարտված քրեական գործերից 129-ի վարույթը կարճվել է ոչ արդարացնող հիմքերով: Հատկանշական է, որ կոռուպցիոն բնույթի հարուցվող, վարույթում քննվող քրեական գործերի քանակական նվազման ֆոնին 2021թ. ավելացել են ինչպես քրեական հետապնդման ենթարկված անձանց, այնպես էլ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի, դատի տրված անձանց քանակը: Մասնավորապես՝ ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի 2312 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1698 անձ, այն դեպքում երբ 2020թ. 2535 գործով քրեական հետապնդման էր ենթարկվել 1356 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 187 քրեական գործ՝ 433 անձի վերաբերյալ, 2020թ.-ին՝ 183 գործ 410 անձի վերաբերյալ: ՀՀ դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 83 քրեական գործ՝ 150 անձի վերաբերյալ: Նշված քրեական գործերից 53-ով 97 անձ դատապարտվել է, որից 30-ը՝ ազատազրկման: ՀՀ դատախազությունը շարունակել է դատարաններում կռուպցիոն գործերով մեղադրանքների պաշտպանության շրջանակներում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից տևականորեն զրկելու լրաուցիչ պատիժներ պահանջելու իր որդեգրած ուղեգիծը: Արդյունքում քրեական պատասխանատվության ենթարկված 18 անձի նկատմամբ կիրառվել են նաև նման լրացուցիչ պատիժներ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով ավարտված նյութերով և ավարտված քրեական գործերով տարվա ընթացքում հայտնաբերվել է 4.5մլրդ ՀՀ դրամի չափով պատճառված նյութական վնաս, վերականգնվել է 400 մլն ՀՀ դրամը։ Առանձին դեպքերում դատախազական ակտերի կայացման արդյունքում շրջադարձային տեղաշարժեր են եղել ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես է պատճառված վնասների վերականգնմման առումով: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի կողմից միայն մեկ քրեական գործով քննիչի կայացրած՝ քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը 2021թ. վերացնելու, քննություն իրականացնելու արդյունքում 2022թ. հաջողվել է վերականգնել համայնքին պատճառված 805.4 մլն ՀՀ դրամի չափով վնաս: