Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գլխավոր դատախազի բողոքը

221

Վճռաբեկ դատարանը որոշել է քննության առնել դատախազության հայցն ու քննել՝ օրինակա՞ն է արդյոք 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների գործով Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների արդարացման վճիռը։ Դատարանը պետք է նաև որոշի՝ արդյոք օրենքը հակասո՞ւմ է Սահմանադրությանը, ինչի հետևանքով դատախազությունը հնարավորություն չունի վերաորակել Քոչարյանի և մյուսների մեղադրանքը։ Այս մասին գրում է Ազատություն ռադիոկայանը։

4 ամիս առաջ վերաքննիչը մերժել էր այս հարցով Գլխավոր դատախազության բողոքը և անփոփոխ էր թողել երկրորդ նախագահի և նրա նախկին երեք ենթակաների արդարացման վճիռը։ Գլխավոր դատախազությունը դիմել էր վերջին՝ վճռաբեկ ատյան, որն էլ վարույթ է ընդունել որոշումը, իսկ սա նշանակում է, որ վճռաբեկը բավարար հիմքեր է տեսել հարցը քննելու համար, ասում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Այստեղ շատ կարևոր է, թե ինչքանով է հիմնավորված եղել, այսինքն՝ այդ գնահատումից ելնելով է վճռաբեկ դատարանը որոշում կայացնում որևէ բողոք, միջնորդություն վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ: Բողոքը, որը ներկայացվել է վճռաբեկ դատարանին, այնտեղ առանձին հատված վերաբերում է բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայությանը, շատ հստակ շարադրված են այդ բոլոր հիմքերը և ենթադրում եմ, որ դրանք հաշվի առնելով, դրանց հիմնավորվածությունը փաստարկելու արդյունքում է, որ վճռաբեկ դատարանը որոշել է գլխավոր դատախազի բողոքն ընդունել վարույթ», — ասաց Աբրահամյանը:

Մեկ տարի առաջ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական էր ճանաչել Քրեական օրենսգրքի՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, որով և մեղադրանք էր առաջադրվել 2008-ի Մարտի 1-ի գործով անցնող երկրորդ նախագահ Ռոբերտ քոչարյանին ու նրա ենթականերին։ Սահմանադրականի որոշումից երկու շաբաթ անց արդեն առաջին ատյանի դատարանն արդարացրել էր Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, Արմեն Գևորգյանին։

Գլխավոր դատախազությունը, սակայն, անցած ամիսներին շարունակ հայտարարում էր՝ թեև Քոչարյանին և մյուսներին վերագրվող հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, սակայն դա չի նշանակում, որ նրանք մեղավոր չեն մարտյան իրադարձությունների համար։ Մեղադրող կողմը պնդում էր, որ նրանց արարքը պետք է վերաորակվի։ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը նույնը պնդել էր նաև վերաքննիչ դատարանում՝ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով արդարացված Ռոբերտ Քոչարյանի ու նրա նախկին երեք ենթակաների արարքները չեն դադարել գոյություն ունենալ, նրանց պետք է մեղադրանք առաջադրել պաշտոնական լիազորություններն անցնելու համար, ասել էր նա։

«Սահմանադրական դատարանի որոշման նորմը, որով նախատեսված հանցագործությունը մեղսագրվում էր ի թիվս այլ ամբաստանյալների, դադարեց գոյություն ունենալ, բայց չդադարեց գոյություն ունենալ այն արարքը, որը կատարվել էր մեր դիրքորոշման համաձայն և որը նկարագրված է մեղադրանքներում: Այդ արարքները, այդ նկարագրությամբ ընդհուպ կարող են որակվել և պետք է որակվեին Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով», — նշել է Բաղդասարյանը։