Հադրութցի Գրիշա եւ Կամելա Մելքումյանները 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում կորցրել են իրենց ավագ որդուն` Սուրենին, իսկ 2020թ. 44-օրյա պատերազմում` միջնեկ որդուն` Միքայելին:
Պատերազմից հետո ամուսիններն իրենց զոհված որդիների եւ ողջ մնացած միակ որդու ու նրանց ընտանիքների հետ հանգրվանել են Երեւանում:
Գրիշա Մելքումյանը 88-ի Շարժման առաջին օրերից է մասնակցել արցախյան առաջին ազատամարտին, 1993թ. օգոստոսին ծանր վիրավորվել է, ընկերները զոհվել են, ինքը փրկվել է, տարիներ շարունակ ենթարկվել վիրահատությունների:
Սուրենն ավարտել է Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը, 2001 թվականից սկսած`ծառայության է անցել ԼՂՀ-ում, ստացել լեյտենանտի զինվորական կոչում, զբաղեցնելով կապի դասակի հրամանատարի պաշտոնը, եղել է սպա, մայոր, վառելիքաքսուքային բաժնի պետ: 2015 թվականից Սուրենը ծառայում էր Մեխակավանում:
Կամելան հիշում է, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի լուրն առնելուն պես զանգում է որդուն, սակայն նա հեռախոսը չի վերցնում: Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տումի գյուղում, որտեղ ապրելիս են եղել իրենք, տիկին Կամելան հարցուփորձ է անում եւ տեղեկանում, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, մեծ թվով զոհեր ունենք, դիրքը վերցրել են:
Սուրենն այն հինգ սպաներից էր, որոնք ապրիլի 1-ի` լույս 2-ի գիշերը օգնության են հասել խրամատում առաջին հարվածն ընդունած զինվորներին:
«Սկզբում զանգեցինք, ոչ մի պատասխան չստացանք, երեք օր հետո զանգեցինք, երեխուս հեռախոսը ադրբեջանցիները վերցրեցին, թե բա` ձեր տղայի հեռախոսը մեզ մոտ է, ձեր տղային էլ ինչ որ պետք է` արել ենք: Երբ զինամթերքը վերջացել է, մեր երեխեքը չեն իմացել, թե ինչով կռվեն: Երեխուս դիակն էլ տվեցին ապրիլի 10-ին «Կարմիր խաչ »-ի միջոցով»,- հիշում է Կամելան:
Որդու զոհվելու ստույգ օրը ծնողները չգիտեն, գիտեն միայն, որ նա Լելե-Թեփե բարձունքում է զոհվել:
Գրիշայի եւ Կամելայի երկրորդ որդին` Մխիթարը, ավարտել էր Ստեփանակերտի պետհամալսարանի «Մարմնամարզական եւ ռազմական գործ » բաժինը, ծառայել Արցախի բանակում: Այնուհետեւ նա վեց տարի դասավանդել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում:
«Երբ պատերազմը սկսվեց, Մխիթարը դուրս եկավ, գնաց հատուկ նշանակության ջոկատներում շարունակելու պայքարը: Հենց պատերազմի առաջին օրվանից մարտնչել է, զոհվել պատերազմի վերջին օրը` նոյեմբերի 8-ին, Շուշիի մարտերին մասնակցելիս: Նոյեմբերի 15-ին կրտսեր որդիս` Սուսերը, բերեց Մխիթարի դիակը, տարանք Եռաբլուր` հուղարկավորելու »,- ասում է արցախյան պատերազմի հերոսների հայրը` Գրիշան:
Կամելան պատմում է, որ կրտսեր որդին`Սուսերն էլ կռվել է Վարանդայում, հայտնվել շրջափակման մեջ, հետո էլ հրաշքով փրկվել:
Գրիշան պատմում է, որ Տումի գյուղում ուներ ինը սենյականոց երեք հարկանի սեփական տուն, երկու ֆերմա, երեք ավտոմեքենա: Հիշում է, թե ինչպես պատերազմի թեժ շրջանում`2020թ. հոկտեմբերի 12-ին, գյուղապետն եկել է, ասել, որ մի երկու օրով պետք է դուրս գան գյուղից:
«Ոչ մի բան տնից չվերցրեցինք, նույնիսկ ոսկիները թողեցինք, բուշլատս հագա, կնոջս հետ դուրս եկանք, անասուններին բաց թողեցինք` մտածելով, որ երկու-երեք օր իրենց գլուխը կպահեն, ցորեն տվեցինք հավերին, նստեցինք մեքենա, եկանք Հայաստան: Հոկտեմբերի 14-ին վեր կացա, որ հետ գնամ, զանգեցին, ասացին, որ չգնամ, ճանապարհը փակ է: Մնացինք այստեղ: Մենք Հադրութի շրջանի մեր գյուղում լավ ապրում էինք, 60 հեկտար հող էի մշակում, անասուններ էի պահում, ամեն ինչ ունեինք, գերազանց էր մեր վիճակը: Գյուղում երկու տուն ունեի, մեկը պապական տուն էր, մեկն էլ ես էի կառուցել: Տում գյուղում էլ երկու հարյուրից ավելի ընտանիք կար, հինգ հարյուր վաթսուն ընտրող ունեինք»,- պատմում է Գրիշան:
Գրիշայի եւ Կամելայի ավագ որդու գերեզմանը այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած իրենց գյուղում: Իրենք այնտեղից մի բուռ հող են բերել, Երեւանում նրա գերեզմանը կառուցել:
Գրիշան ասում է, որ 2020թ. հոկտեմբերի 17-ին Երեւանում պատահաբար հանդիպել է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, մոտեցել, հետաքրքրվել է, թե Հադրութից ինչ նորություն ունի, նա էլ իրեն խաբել է, թե մոտ օրերս հետ ենք վերցնելու: Ասել է` հակառակորդը մտել է Հադրութ, բայց մենք հետ ենք շպրտելու, հաղթելու ենք: Հետո էլ, Գրիշայի ասելով, Արծրունը նստել է իր «Ջիպ » -ը եւ հեռացել:
Մելքումյանների ընտանիքը գոհ է հայաստանցիների վերաբերմունքից, որոնք անշահախնդիր իրենց օգնության ձեռք են մեկնել: Իրենց էլ հաջողվել է Երեւան տեղափոխվելուց հետո տարբեր աշխատանքներ կատարել, օրվա հացը վաստակել: Կամելան ասում է, որ ամեն օր լաց լինելով ժենգյալով հաց է թխել, հարսերը մատնահարդար են աշխատում վարսավիրանոցում: Իսկ փոքրիկ թոռները կարոտում են իրենց հորեղբայրներին, շուտ-շուտ նրանց նկարներին են նայում, կարոտը փորձում փարատել:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: