Փաշինյանն ակնկալում է՝ խաղաղապահների «գործողությունները կամ անգործությունը կարժանանան հստակ քննության»

265

Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժումը, ըստ էության, կատարվել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում։ Մարտի 31-ին կառավարության նիստի մեկնարկին այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ներկայացնելով իրադարձությունները՝ նա ասաց, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ կողմերը համաձայնություն են ձեռք բերել հայելային եղանակով Խրամորթ-Փառուխ հատվածից մի շարք դիրքեր հանելու վերաբերյալ, այդ գործողությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը. «Հայկական դիրքերը հետ են քաշվել, խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Չնայած ՌԴ ՊՆ, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ հայտարարություններին՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը այսօրվա դրությամբ շարունակվում է»,- հայտարարեց Փաշինյանը։ Վերջինս հույս հայտնեց, որ «ՌԴ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական զինուժի դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց հանելու համար»։

Փաշինյանը նաև նշեց՝ ակնկալում է, որ խաղաղապահների «գործողությունները կամ անգործությունը կարժանանան հստակ քննության»։ Նա հիշեցրեց, որ դեպքերից դեռ տասն օր առաջ Ադրբեջանը ականանետային կրակ էր վարում Խրամորթ գյուղի ուղղությամբ։