Շիրակցի գերիների հարազատները Կառավարության շենքի դիմաց են. նրանց դեռ ոչ ոք չի ընդունել

137

Շիրակցի գերիների հարազատները այսօր ժամը 10։00–ից գտնվում են Կառավարության շենքի դիմաց։ Վերջիններիս գործադիր մարմնից ոչ ոք չի ընդունել։ Այս մասին ասաց մեկ տարուց ավելի գերության մեջ գտնվող հայ զինծառայողի եղբայրը։

«Հանդիպում ենք պահանջում վարչապետի, Պաշտպանության նախարարի կամ էլ Ազգային ժողովի նախագահի հետ։ Մեզ մոտեցել է վարչապետի օգնականը, լսել մեր պահանջը։ Մինչ այս պահը մեզ ոչ ոք չի ընդունել»,- ասաց գերիի հարազատը։

Գերիների հարազատները անցնող մեկ տարում պարբերաբար նստացույց են արել Կառավարության շենքի դիմաց, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և պահանջել, որ իրենց որդիների վերադարձի գործընթացը արագացվի։ Նրանց խոսքով, գերեվարվելուց հետո  մեկ տարվա ընթացքում իրենց անընդհատ խոստացել են, որ շուտով վերադառնալու են գերիները, բայց մինչ օրս իրենց հարազատները գերության մեջ են։

44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղեր եւ Խծաբերդ համայնքների ուղղությամբ եւ գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։

Մեկ տարվա ընթացքում 62 գերուց միայն 32-ն է վերադարձվել Հայաստան։ Նրանցից 3–ը Ֆրանսիայի կառավարության եւ Եվրամիության միջնորդությամբ փետրվարին վերադարձվել են Հայաստան։

Շիրակցի գերիների հարազատները Կառավարության մոտ վերջին անգամ հավաքվել էին հունվարին։