ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ բացել ճանապարհը և երկաթուղին, բայց անհրաժեշտ է համարում համաձայնագրի ստորագրում

37

Հայաստանը պատրաստ է իր առաջարկների շրջանակներում Ադրբեջանի հետ բացել ճանապարհը և երկաթուղին, բայց անհրաժեշտ է համարում դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչու՞, որովհետեւ մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի եւ ճանապարհը եւ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եւ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները եւ Հայաստանը պարզապես  կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար: Այսօր մենք ինչ ենք առաջարկում: Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը եւ սկսել շինարարությունը: Կամ դա անել փաթեթով, ներառելով ավտոմոբիլային ճանապարհը, և մենք պատրաստ ենք սա անել այն պահից, երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց, որ գրավոր առաջարկներն փոխանցել են նաեւ մի շարք միջազգային գործընկերների, որոնց համար իրենց առաջարկները տրամաբանական են, ընդունելի և հասցեագրում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերը: