«Զանգեցինք, հեռախոսը ադրբեջանցիները վերցրեցին, թե՝ ձեր տղայի հեռախոսը մեզ մոտ է, իրեն էլ ինչ որ պետք է`արել ենք»

251

Հադրութցի  Գրիշա եւ Կամելա Մելքումյանները  2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում կորցրել են իրենց ավագ որդուն` Սուրենին, իսկ 2020թ. 44-օրյա պատերազմում`  միջնեկ որդուն` Միքայելին:

Պատերազմից հետո ամուսիններն իրենց  զոհված որդիների եւ ողջ մնացած միակ որդու ու  նրանց ընտանիքների հետ հանգրվանել են Երեւանում:  

Գրիշա Մելքումյանը 88-ի Շարժման առաջին օրերից է մասնակցել արցախյան առաջին ազատամարտին, 1993թ. օգոստոսին ծանր վիրավորվել է, ընկերները զոհվել են, ինքը փրկվել է, տարիներ շարունակ ենթարկվել վիրահատությունների:

Սուրենն ավարտել է Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը, 2001 թվականից  սկսած`ծառայության  է անցել ԼՂՀ-ում, ստացել լեյտենանտի զինվորական կոչում, զբաղեցնելով  կապի  դասակի  հրամանատարի պաշտոնը, եղել է սպա, մայոր, վառելիքաքսուքային բաժնի պետ: 2015 թվականից Սուրենը ծառայում էր Մեխակավանում:

 Կամելան հիշում է, որ  2016թ. ապրիլյան  քառօրյա  պատերազմի լուրն առնելուն պես զանգում է որդուն, սակայն նա հեռախոսը չի վերցնում: Արցախի  Հանրապետության  Հադրութի շրջանի  Տումի գյուղում, որտեղ ապրելիս են եղել իրենք, տիկին Կամելան հարցուփորձ է անում եւ տեղեկանում, որ  Ադրբեջանը  հարձակվել է Հայաստանի վրա, մեծ թվով զոհեր ունենք, դիրքը վերցրել են:

Սուրենն այն հինգ սպաներից էր, որոնք  ապրիլի 1-ի` լույս 2-ի գիշերը օգնության են հասել խրամատում առաջին հարվածն ընդունած  զինվորներին:  

«Սկզբում զանգեցինք, ոչ մի պատասխան չստացանք, երեք օր հետո զանգեցինք, երեխուս հեռախոսը ադրբեջանցիները վերցրեցին, թե բա` ձեր տղայի հեռախոսը մեզ մոտ է,  ձեր տղային էլ ինչ որ պետք է` արել ենք: Երբ զինամթերքը վերջացել է, մեր երեխեքը չեն իմացել, թե ինչով կռվեն: Երեխուս դիակն էլ տվեցին ապրիլի 10-ին «Կարմիր խաչ »-ի միջոցով»,- հիշում է Կամելան:  

Որդու զոհվելու ստույգ օրը ծնողները չգիտեն, գիտեն միայն, որ նա Լելե-Թեփե բարձունքում է զոհվել:

Գրիշայի եւ Կամելայի երկրորդ որդին` Մխիթարը,  ավարտել էր Ստեփանակերտի պետհամալսարանի  «Մարմնամարզական եւ ռազմական գործ »   բաժինը, ծառայել Արցախի բանակում: Այնուհետեւ նա վեց տարի դասավանդել է Ստեփանակերտի  Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում:

«Երբ պատերազմը սկսվեց, Մխիթարը դուրս եկավ, գնաց հատուկ նշանակության ջոկատներում շարունակելու պայքարը:  Հենց պատերազմի առաջին օրվանից մարտնչել է, զոհվել պատերազմի վերջին օրը` նոյեմբերի 8-ին, Շուշիի մարտերին մասնակցելիս: Նոյեմբերի 15-ին կրտսեր որդիս` Սուսերը, բերեց Մխիթարի  դիակը, տարանք Եռաբլուր` հուղարկավորելու »,- ասում է արցախյան պատերազմի հերոսների  հայրը` Գրիշան:

Կամելան պատմում է, որ կրտսեր որդին`Սուսերն էլ կռվել է Վարանդայում, հայտնվել  շրջափակման  մեջ, հետո էլ հրաշքով փրկվել:

 Գրիշան պատմում է, որ Տումի գյուղում ուներ ինը սենյականոց երեք հարկանի սեփական տուն, երկու ֆերմա, երեք ավտոմեքենա: Հիշում է, թե ինչպես  պատերազմի թեժ  շրջանում`2020թ. հոկտեմբերի 12-ին, գյուղապետն  եկել է, ասել, որ մի երկու օրով պետք է դուրս գան գյուղից:

«Ոչ մի բան տնից չվերցրեցինք, նույնիսկ ոսկիները թողեցինք, բուշլատս հագա, կնոջս հետ դուրս եկանք, անասուններին բաց թողեցինք` մտածելով, որ երկու-երեք օր իրենց գլուխը կպահեն, ցորեն տվեցինք հավերին, նստեցինք  մեքենա, եկանք Հայաստան:  Հոկտեմբերի 14-ին վեր կացա, որ հետ գնամ, զանգեցին, ասացին, որ չգնամ, ճանապարհը փակ է: Մնացինք այստեղ:  Մենք Հադրութի շրջանի մեր գյուղում լավ ապրում էինք,  60  հեկտար  հող էի մշակում, անասուններ էի պահում, ամեն ինչ ունեինք, գերազանց էր մեր վիճակը: Գյուղում երկու տուն ունեի, մեկը պապական տուն էր, մեկն էլ ես էի կառուցել: Տում գյուղում էլ երկու հարյուրից ավելի ընտանիք կար, հինգ հարյուր վաթսուն ընտրող ունեինք»,- պատմում է Գրիշան:

Գրիշայի եւ Կամելայի ավագ որդու գերեզմանը  այժմ  գտնվում է  Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած իրենց գյուղում: Իրենք այնտեղից  մի բուռ հող են բերել, Երեւանում  նրա գերեզմանը կառուցել:

Գրիշան ասում է, որ 2020թ. հոկտեմբերի 17-ին   Երեւանում պատահաբար հանդիպել  է  ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, մոտեցել, հետաքրքրվել է, թե Հադրութից ինչ նորություն ունի, նա էլ իրեն խաբել է, թե մոտ օրերս հետ ենք վերցնելու: Ասել է`  հակառակորդը մտել է Հադրութ, բայց մենք հետ ենք շպրտելու, հաղթելու ենք: Հետո էլ, Գրիշայի ասելով, Արծրունը նստել է իր  «Ջիպ » -ը եւ հեռացել:  

Մելքումյանների ընտանիքը գոհ է հայաստանցիների վերաբերմունքից, որոնք անշահախնդիր իրենց օգնության ձեռք են մեկնել: Իրենց էլ հաջողվել է Երեւան տեղափոխվելուց հետո տարբեր աշխատանքներ կատարել, օրվա հացը վաստակել: Կամելան ասում է, որ ամեն օր լաց լինելով ժենգյալով հաց է թխել, հարսերը մատնահարդար են աշխատում վարսավիրանոցում: Իսկ փոքրիկ թոռները կարոտում են իրենց  հորեղբայրներին, շուտ-շուտ նրանց  նկարներին են նայում, կարոտը փորձում փարատել:

Թագուհի Հակոբյան