ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Երևանում «НЕТ путинской ВОЙНЕ» կարգախոսով ակցիան խոչընդոտելու դեպքի առթիվ

80

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2022 թ․ մարտի 25-ին Երևանի Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան խաչմերուկում օտարերկրյա քաղաքացիների բողոքի խաղաղ ակցիային միջամտած ոստիկանների և ԱԱԾ աշխատակցի գործողությունների հիման վրա։ 

Հավաքի մասնակիցները «NOT WAR»,  «НЕТ путинской ВОЙНЕ» և նմանատիպ գրառումներով պաստառներով իրենց դժգոհություն էին արտահայտում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության սանձազերծած պատերազմի նկատմամբ, քանի որ դրա արդյունքում հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվում։ 

Ինչպես երևում է տեսանյութից, հավաքի մասնակիցներին են մոտենում ՀՀ ոստիկանության աշխատակիցները և պահանջում ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր, պահանջում լքել տարածքը և սպառնում, որ հակառակ դեպքում բոլորին բերման կենթարկեն ոստիկանության բաժին։ Այս անհարկի միջամտությամբ և անհիմն պահանջներով ոստիկանները խոչընդոտել են նրանց խաղաղ հավաքների անցկացման իրավունքը։ Ավելին՝ ԱԱԾ աշխատակիցը ապօրինաբար պահանջում է հավաքի մասնակիցներից մեկի անձնագիրը, լուսանկարում այն և սպառնում անձը բացահայտելուց հետո այդ տվյալները փոխանցել Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, որպեսզի այնտեղ իմանան, թե ինչով են զբաղված իրենց քաղաքացիները ՀՀ-ում։ Իսկ ոստիկանության աշխատակիցները ակնհայտ սուտ տեղեկատվություն են ներկայացնում, թե օտարերկրացիները ՀՀ-ում հավաք անցկացնելու իրավունք չունեն։ 

Ոստիկանները իրենց այս գործողություններով փաստացի խոչընդոտում էին նաև, որ անցորդները տեսնեն, թե ինչ է գրված պաստառներին։ 

ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդմամբ ՀՔԱՎ-ը պահանջել է միջոցներ ձեռնարկել այս փաստերի շուրջ քննություն իրականացնելու, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու, պատասխանատու անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։