Վաշինգտոնը «խորապես մտահոգված է գազամատակարարման ընդհատումներով և Ադրբեջանի զորքերի տեղաշարժերով»։
Տարածաշրջանային անվտանգության հարցերին են անդրադարձել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ, Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։
Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը:
Միրզոյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ վերոնշյալ գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից են: Այս առումով, նախարարը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվականի հաղորդագրությունում։
Ամերիկյան կողմի հաղորդագրությունում ասված է․ — «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման ընդհատումներով և Ադրբեջանի զորքերի տեղաշարժերով»։ «Հայաստանը և Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղղակի հաղորդակցությունների ալիքները՝ իրավիճակն անմիջապես դեէսկալացնելու համար», — Թվիթերում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպական և եվրասիական հարցերով վարչությունը։
Արցախի տարածքում մարտի 8-ից 11 օր գազ չկար, գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում էր` Շուշիի մոտ: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել: Մարտի 18-ին հաղորդվեց գազատարի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, հաջորդ օրվանից գազամատակարարումը վերականգնվեց:
Այդուհանդերձ, մարտի 21-ից գազամատակարարումը վերստին դադարեցված է։Երեկ էլ օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Բնակիչների անվտանգության համար տարհանվել են Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Այդուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն, գիշերը հայկական և ադրբեջանական ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: