«Հիմա ես 63 տարեկան եմ ու իմ հասանելիք թոշակը ստանում եմ, բայց ինձ զրկել են արտոնյալ պայմաններով տրվող թոշակից, որը ես պիտի ստանայի 2018 թվականից»,– Forrights.am –ի հետ զրույցում նշում է Հովհաննես Բեյբությանը, ում 4 տարվա թաշակը հրաժարվել են տրամադրել։
Հովհաննեսը 2013 թվականից առ այսօր աշխատում է Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ»–ում որպես էլեկտրաեռակցող (сварщик)։ Նա պատահաբար գործընկերներից մեկից պարզել է, որ էլեկտրաեռակցողները կարող են թոշակ ստանալ 59 տարեկանից սկսած։
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը եւ նշանակման պայմանները
1. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի՝
59 տարին լրացած անձը՝ 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, որից 20 տարին՝ վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 Ցուցակ), եթե լրիվ աշխատանքային օրը զբաղված է եղել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով։
Հովհաննեսն այս օրենքի մասին իմացել է 61 տարեկանում։ Դիմել է իրենց տարածքային բաժին՝ ներկայացնելով աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթերը, որից հետո հաստատել են, որ պետք է հատկացնեն ամսական 39.060 դրամ, որը տրամադրել են ընդամենը երեք ամիս։
Հովհաննես Բեյբությանը որոշում է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ նախորդ երկու տարվա թոշակը ստանալու պահանջով։
Դիմումին ի պատասխան՝ նախարարությունից ուղարկել են հետևյալ գրությունը․
«Հարկ է նշել, որ ըստ աշխատանքային գրքույկի գրառումների՝ Դուք աշխատել եք 2013 թվականից որպես էլեկտրազոդող, ինչպես նաև համատեղության կարգով կատարել եք նաև թիվ 2 ցուցակով չնախատեսված աշխատանք, ուստի այդ ժամանակահատվածը մասնագիտական ստաժում հաշվառելու հիմքեր չկան», պատասխանել է Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:
Ի դեպ, Հովհաննեսի տարբեր ատյաններ ուղղված բոլոր բողոքները վերադարձել են սույն վարչության պետին, որը կամայականորեն մերժել է ու մերժել՝ նախընտրություն տալով երկու տեղեկանքներից համատեղելիությամբ աշխատելու տեղեկանքին, երբ մարդ ամբողջ կյանքում նույն մասնագիտությամբ է աշխատել:
«Ոչ մի հատ պատասխանում են՝ կտանք, չենք տա, միանգամից սկսում են ման գալ, տեսնեն՝ ինչ կգտնեն։ Տեղեկանքի մեջ մեր տնօրենը գրել ա, որ կցորդիչ ա վարել էլեկտրաեռակցողի հետ միասին, իրանք էլ ասում են, որ համատեղել ես, չի լինի, բայց դա գրել են անվտագության համար․ ես չէի կարա համատեղեի, քանի որ «сварщик-ի» կարիգ անընհատ կա»։
Որոշ ժամանակ անց «Մետալ ստիլ» ընկերության տնօրենը տալիս է մեկ այլ տեղեկանք, որ Հովհաննեսը 2013 թվականից աշխատում է որպես էլեկտրաեռակցող, բայց «իրանք դա հաշվի չեն առնում, հիմք են ընդունում էն առաջին ուղարկածը»։
Նախարարության կողմից ուղարկված գրության մեջ նաև նշված էր, որ Մաշտոցի տարածքային բաժինը դադարեցրել է Ձեր կենսաթոշակ ստանալու իրավունքը և ավել վճարված 139860 դրամ գումարը ետ է վերադարձվել ՀՀ պետական բյուջե։
«Ես վարչապետին էլ եմ դիմել, նամակ եմ գրել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանին, հանդիպել եմ պետի տեղակալ Ասյա Գևորգյանին, ցույց տվեցի «պեչատած» թղթերը, բայց ոչ մի բան, ասեց՝ «էս ի՞նչ ես բերել»։
Փաստորեն, իմ հասանելիք թոշակը, որ պիտի ստանայի 2018 թվականից սկսած, հրաժարվում են տրամադրել»,– ասում է Հովհաննես Բեյբությանը։
Պետությունը չի բարձրացնում կենսաթոշակները, վարչապետն ասում է, որ թոշակառուներն իր սրտում, մտքում և հոգում են, թող բավարարվեն, իսկ սոցապ նախարարությունն ուղղակի, կամայականորեն զրկում է մարդուն հասանելիք չնչին գումարից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: