Փոքրիկ Լեոնան դուրս գրվեց հիվանդանոցից.նա նոր կյանք, լույս է բերում ընտանիքին

58

44-օրյա պատերազմում զոհված Լեւոն Մանուկյանի նորածին քույրիկը` Լեոնան  երեկ վերջապես դուրս գրվեց հիվանդանոցից: Երեխան ծնվել էր երկու ամիս շուտ, ինչի պատճառով բժիշկները նրան պահում էին խիստ հսկողության տակ եւ զբաղվում նրա առողջության ամրացմամբ: Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, հունվարի 23-ին Հանրապետական հիվանդանոցում վաղաժամ ծնվել էին զույգ քույրիկները: Դժբախտաբար նրանցից մեկի կյանքը փրկել չէր հաջողվել:

Երեխաների մայրը` Նելլի Ղահրամանյանը վաղուց էր հիվանդանոցից դուրս գրվել, եւ երեկ նա վերջապես հնարավորություն ունեցավ ծնունդից հետո առաջին անգամ գրկել իր փոքրիկին: Ծննդատնից դուրս գալիս տիկին Նելլին եւ նրա ընտանիքի անդամնեը երկինք բաց թողեցին խաղաղություն խորհրդանշող աղավնիների տեսքով փուչիկներ:

Տիկին Նելլին 43 տարեկան է, փոքրիկների ծնունդը նախատեսվում էր մարտ ամսին, սակայն հանգամանքները այլ կերպ զարգացան: Երեխաները ծնվեցին վեց ու կես ամսականում, եւ նրանցից մեկի մոտ  սրտի կանգ արձանագրվեց: Որդու մահից հետո սա ընտանիքի համար երկրորդ ծանր հարվածն էր: Բարեբախտաբար երկրորդ փոքրիկի կյանքին այլեւս ոչ մի վտանգ չի սպառնում, եւ նա վերջապես տեղափոխվեց ծնողների տուն:

Տիկին Նելլիի խոսքով, փոքրիկը իրենց կյանք նոր լույս է բերում, ինչի համար Լեւոնը նույնպես ուրախ ու երջանիկ կլիներ:

Լեւոն Մանուկյանը զոհվել էր 2020թ-ի հոկտեմբերի 14-ին` Մատաղիսի իր դիրքերը վերադարձնելու մարտերում: 44-օրյա պատերազմի առաջին օրերին նա հրաշքով էր փրկվել ութնօրյա շրջափակումից: Ընդամենը չորս օր հետո նա վերադարձել էր արդեն թշնամու հսկողության տակ գտնվող Մատաղիս` հավատալով, որ դեռ հնարավոր է այն հետ վերադարձնել:

Լեւոնի վաշտում 50 հոգի էին: Հիսուն հոգուց ողջ են մնացել 9: Մի մասը զոհվել է Թալիշում, մյուս մասը` Մատաղիսում: Լեւոնը  շրջափակման մեջ էր եղել սեպտեմբերի 29 –ից հոկտեմբերի 8-ը: Այդ ընթացքում բազմաթիվ հերոսություններ է արել, փրկել է ընկերներին, կամավորների, բոլոր վիրավորներին օգնել է դուրս պրծնել շրջափակումից:

Անի Գևորգյան