Սեփական տան մասին երազող Գևորգ Եղշատյանի գրեզմանը «տանքի» չունի: 44-օրյա պատերազմից մեկ ու կես տարի անց պետությունը զլացել է երկկողմանի ծնողազուրկ Գևորգի գերեզմանին նրա լուսանկարով մեկ շիրմաքար դնել:

2018 թվականին «Ես եմ» ծրագրով բանակ մեկնած Գևորգը հույս ուներ ծառայությունից վերադառնալ և սեփական տունը կառուցել: Այս ծրագով ծառայությունը երեք տարի է, որից մեկը վճարովի:

«Կյանքում  շատ բան էր տեսել, նպատակ ուներ, որ հետո ամեն ինչ լավ է լինելու, բայց պատերազմը չթողեց»,- ասում է Վանաձորի մանկատան նախկին աշխատակցուհի Կարինե Մնացականյանը և հավելում.

«Գևորգը որոշեց «Ես եմ» ծրագրով՝ երեք տարով բանակ գնալ: Մանկատան երեխաներին բնակարան տալու հարցում տեղաշարժ չկար, ինքն ասում էր՝ բանակից գամ տուն կառնեմ, բիզնես կդնեմ: Դպրոցից հետո խոհրարություն էր սովորել արհեստագործական ուսումնարանում»:

 Գևորգի նպատակներն ընդհատվել են 2020 թվականի հոկտեմբերի 9-ին: Զոհվել է թշնամու ԱԹՍ-ի հարվածից: Գևորգը ծառայության էր մեկնել Ասկերանում, բայց պատերազմի օրերին եղել է Ջրականում:

«Երկու տարին դեռ չէր լրացել, որ ծառայում էր՝ զոհվեց: Հոկտեմբերի  9-ին է զոհվել: Պատերազմը, որ սկսվեց ինքը դիրքերում էր: Բարձրանալուց առաջ ասեց, որ արձակուրդ է գալու, բայց բարձրացավ ու չիջավ: Պատերազմի օրերին չեմ խոսել հետը: Վնասվածքներ ստանալուց հետո մի քանի րոպե ողջ է մնացել, ոտքերն է շատ վնասվել: Ծառայակիցները ցանկացել են շորով ծածկել, չի թողել, ասել է ցավում է, ձեռք չտաք: Մի քանի րոպե հետո հոգին տվել է: Ընկերները, որ հուղարկավարությանը եկել էին, պատմում էին այս ամենի մասին»,- ասաց Գևորգի նախկին դաստիրակչուհին:

Գևորգի անունը զոհվածների ցուցակում ՊՆ-ն հրապարակել է 2020 թվականի 13-ին: Զոհվելուց մի քանի օր հետ հուղարկավորվել է Վանաձորի պանթեոնում: Գերեզմանին այցելում են ընկերներն ու 2020 թվականին կառավարության որոշմամաբ լուծարված մանկատան աշխատակիցները: Վերջին այցի ժամանակ մանկատան աշխատակիցներն արձանագրել են, որ Գևորգի շիրմաքարը կրկին տեղադրված չէ:

«Գևորգի շիրմաքարը, նկարը չկա տեղադրված: Ես չգիտեմ, թե ինչու չկա: Հոկտեմբերի 9-ին տաելիցին, երբ գնացինք տեսանք, ցավ ապրեցինք: Մի փոքր քարանման բան էր դրված՝ անունը վրան գրած: Մնացածի գերեզմանները սարքած էր, նմանատիպ քարերը դրված: Մեզ ասում են, որ եղանակները հենց բացվի կսարքեն, բայց արդեն երկու տարին է լրանում»,- ասում է Կարինե Մնացականյանը:

 Գևորգը 13 տարեկանից բնակվել է Վանաձորի մանկատանը: Նախ մահացել է հայրը, ապա՝ մայրը: Ծնողների մահվանից հետո, մորաքույրն է խնամել, բայց, երբ նա էլ է մահացել Գևորգին քրոջ և եղբոր հետ տեղափոխել են Վանաձորի մանկատուն: Քուրն ու եղբայրը մեկ տարեկան են եկել, երբ նրանց որդեգրելու տեղափոխել են արտասահման:

Հարազատներ չունենալու հանգամանքով պայմանավորված Գևորգ Եղշատյանի ընտանիքը նաև զինվորի հիմնադրամի շահառու չի հանդիսանում: Իսկ ահա Վանաձորի համայնքապետարանից փոխանցում են, որ Գևորգի շիրմաքարը տեղադրված չէ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Կառույցից վստահեցնում են՝ բոլոր զոհերի տապանաքաերերը տեղադրելու համար մրցույթ է հայտարարվել, ընկերությունը, որը պետք է տեղադրի շիրմաքարերը սպասում է եղանակի փոփոխությանը:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest