ՀՀ քննչական կոմիտեն տեղեկատվություն է հայտնել, թե մարտի 21-ի դրությամբ 44-օրյա պատերազմի հետևանքով որքան զոհված, գտնվելու վայրն անհայտ զինծառայողներ և քաղաքացիական անձ ունի հայկական կողմը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խոր թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3822 անձ։ 21.03.2022թ. դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող և քաղաքացիական անձ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: