Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա․ Արարատ Միրզոյան

257

Մեր դիրքորոշումը այն է, որ մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված 5 առաջարկություններին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այլ բան է, որ այդ հարցերը ամբողջապես չեն հասցեագրում ՀՀ–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը։ Մեր պատասխաններում սկզբունքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հասցեագրումը»,- ասաց Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը նշեց, որ այս հենքի վրա պատրաստ են սկսել բանակցությունները Ադրբեջանի հետ։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել էր ՀՀ-ին փոխանցված 5 առաջարկությունները։ Դրանք են՝

  • ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
  • պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
  • զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք և ուժ կիրառելուց,ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից,
  • սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում
  • տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։