ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ. շենքային պայմանները խիստ անբավարար են

89

Մարտի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանը Պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչների հետ այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Այցի շրջանակներում ուսումնասիրվել են քրեակատարողական հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, վերջիններիս առողջության պահապանման և կրթության իրավունքների ապահովման վիճակը, արտաքին աշխարհի հետ կապը, վերասոցիալականացմանն առնչվող հարցերը և այլն: Պաշտպանը առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված կանանց և անչափահասների հետ:

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.

  • քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները խիստ անբավարար են. այցի ընթացքում հիմնարկի միջանցքներում և որոշ խցերում բարձր է եղել խոնավության մակարդակը, պատերի ծեփամածիկը եղել է թափված, առկա է եղել վերանորոգման հրատապ անհրաժեշտություն,
  • բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները, ինչպես նաև վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները և լոգարանները,
  • ծնողների հետ բնակվող մինչև երեք տարեկան երեխաների համար նախատեսված չեն կահավորված զբոսաբակեր, խաղահրապարակներ,
  • խցերն ապահովված չեն ծնողի հետ բնակվող մինչև երեք տարեկան երեխաների համար նախատեսված մանկական կահույքով, որոշ դեպքերում նաև մանկական մահճակալով,
  • «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանումում առկա չեն մանկահասակ երեխաների առաջին բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցներ (օրինակ՝ ջերմիջեցնողներ),
  • ատամնաբուժական կաբինետում առկա է եղել ժամկետանց դեղորայք,
  • ազատությունից զրկված անձինք իրենց դժգոհությունն են հայտնել քրեակատարողական հիմնարկում սննդով ապահովելու գործառույթով պատվիրակված մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակի և բազմազանության կապակցությամբ.
  • առկա են մանկահասակ երեխաներին օրենսդրությամբ սահմանված սննդի համապատասխան չափաբաժիններով և տեսականիով ապահովման հետ կապված խնդիրներ,
  • միայնակ պահվող ազատությունից զրկված անչափահասները զրկված են բավարար մարդկային շփման հնարավորությունից,
  • առկա են ազատությունից զրկված օտարերկրացի քաղաքացիների հաղորդակցման և դրանով պայմանավորված՝ վերջիններիս իրավունքների ապահովման խնդիրներ:

Հարկ է նշել, որ այցի արդյունքում արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ ողջունելի են ազատությունից զրկված անձանց համար իրականացվող հանրակրթական ծրագրերը և դրանցում վերջիններիս ներգրավվածությունը:

Վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

Այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և բժշկական անձնակազմն ակտիվ համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ իրենց լիազորություններն իրականացնելիս, և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Արձանագրված խնդիրները կամփոփվեն և լուծմանն ուղղված առաջարկներով կներկայացվեն իրավասու մարմնին: