«Կորցրեցինք որդի, տուն–տեղ. ամեն ինչ»

103

Կորցրեցինք որդի, տուն–տեղ. ամեն ինչ

Մենք Քաշաթաղի Կովսականում էինք ապրում 1998 թվականից։ Ամենասկզբից, որ գնացինք, ոչ մի բան չկար, ասում էին՝ լավ ա լինելու, տունը մեր ուժերով ենք սարքել, էրեխեքին մեր ուժերով ենք պահել։ Հետո հիվանդանոց բացեցին, սկսեցինք աշխատել։ Սաղ մեր տանջանքով, սկզբից մի անասուն ունեինք, հետո կամաց–կամաց շատացրինք։ Աշխատանքով ապրել ենք, մինչև որ պատերազմն սկսվեց։

Հովիկը

Հովիկը (Հովհաննես Խաչատրյանը) ապրիլյան պատերազմին էլ ա մասնակցել, ժամկետային զինծառայող էր։ Ծառայությունն ավարտելուց հետո մնաց որպես պայմանագրային զինծառայող։ Հետո սրտի խնդիրների պատճառով դուրս եկավ, 10 օր հետո պատերազմն սկսվեց։ 23 տարեկան էր, նոր էր ամուսնացել՝ պատերազմից մի քանի ամիս առաջ։

Սեպտեմբերի 27-ին

Սեպտեմբերի 27-ի առավոտյան կրակոցներ լսեցինք, բայց չպատկերացրինք, որ պատերազմ ա։ Ես «սմենս» հանձնեցի, եկա տուն։ Իմացանք, որ հավաք ա, ու մեր ընտանիքի երեք անդամների անունն էլ կա՝ ամուսնուս ու երկու տղաներիս։ Հովիկիս տարան, բայց ամուսնուս մեջքը բռնված էր, չկարողացավ գնալ, մեծ տղաս էլ ասեց՝ «դու պետք չի գնաս, ես կգնամ», ու գնացին երկուսով։ Ջրականում են եղել հենց առաջին օրվանից։ Ու մենք ամեն րոպե զանգի էինք սպասում, բայց չէին զանգում։ Քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ էլ ծառայության մեջ են եղել, մենք գիտեինք՝ դա ինչ ա, ու հասկացանք, որ սա ապրիլյան պատերազմը չէր, սա իսկական պատերազմ էր։ Ու զգում էինք, որ օր օրի պատերազմը թեժանում ա, ուշ– ուշ էին զանգում, բայց ոչ մի անգամ չէին ասում, որ ինչ–որ խնդիր կա, էդպիսի սովորություն էլ չունեին։

                –Ի՞նչ եք անում, ո՞նց եք։

–Հաց ենք թխում, դուք ո՞նց եք, դուք եք կռվի մեջ։

–Ի՞նչ հաց թխել, ինչի՞ ես թխում, հելեք, գնացեք, մենք լավ ենք, մի մտածեք։ Մարիամին էլ վերցրեք, գնացեք, թեկուզ իմ հետ մի բան էլ լինի, թող Մարիամը ձեր հետ մնա։

Բայց դե ոնց գնայինք, երկու ախպեր պատերազմի բերան էին։ Էս երևի եղավ մեր վերջին խոսակցությունը հոկտեմբերի մեկին, դրանից հետո ոչ իրենից խաբար իմացանք, ոչ էլ ախպորից։

«Հովիկը չկա»

Անընդհատ ման էինք գալիս, հետաքրքրվում էինք։ Մի օր էլ մեծ տղաս զանգեց, ասեց՝ ես հոսպիտալում եմ, բայց Հովիկը չկա»։ Դեպքից շատ բան չգիտեմ, տղաս չի պատմում, մենակ ասում ա, որ Հովիկը իր մոտ ա եղել՝ «անընդհատ նայել եմ, եթե մի քիչ էլ հեռու ա եղել, կանչել եմ, ասել՝ արի մոտս»։ Բայց հետո գլխին հարված ա ստացել, գիտակցությունը կորցրել ա, հետո ոտքի մեջ ա «ասկոլկեն» մտել, դրանից հետո ինքն էլ չի տեսել ախպորը։ Ընկերները հետո էլ չեն թողել մոտիկ գնա, ասել են՝ «մեկ ա չես գտնի, ուշ ա»։ Էնտեղ տղաներից կան, որ ասում են՝ «տեսել ենք՝ ոնց ա անօդաչուն խփում էն հատվածին, որտեղ Հովիկենք էին»։

ՄԵՆՔ

Հոկտեմբերի սկիզբ էր՝ տեսանք, որ բոլորը գյուղից դուրս են գալիս, ով ինչ կարողանում ա, հանում ա տանից, բայց մենք դրա սիրտը չունեինք։ Երևի վերջինը մենք դուրս եկանք, մտածում էինք՝ գոնե մի բան էրեխու իրերից հանենք, բայց չհասցրինք․ թուրքը արդեն ներսն էր։ Հոկտեմեբրի 8-ի 9–ի կողմերն էր՝ մենք ընդամենը մեր հագի շորերով թողել ենք, դուրս եկել։ Անասունից բռնացրած ամեն ինչ թողել ենք, ուղղակի մեր աչքին էրեխեքն էին երևում, լուր չունեինք։ Որ մեծ տղուց խաբար եղավ, մտածում էինք, որ փոքրին էլ կգտնենք, բայց․․․

Եկանք Կապան, 3 տուն էնտեղ ենք փոխել․ մեկը վարձով տվեցին, մյուսը՝ վաճառեցին, էս տունն էլ քանի հոգի եկել ա նայելու, հիմա որ ծախեն, չգիտեմ ուր ենք գնալու։

«Առանց հաց ուտելու գնաց կռիվ․ սրտիս դարդ ա եղել։ Խաշած ձու ու բրձի փլավ էր սիրում Հովիկս, բայց չկերավ»։

Հովհաննես Խաչատրյանի մայրը՝ Զարուհին, ցավով է հիշում, որ որդուն կռիվ ճանապարհեց՝ առանց իր սիրած ուտելիքը պատրաստելու։

Խաչատրյանների ընտանիքն այժմ բնակվում է Արմավիրի մարզի Դաշտավան գյուղում՝ վարձով տանը, սոցիալապես ծանր վիճակում։ Հովհաննեսի մեծ եղբայրը գլխից և ոտքից վիրավորում է ստացել պատերազմի ժամանակ, ունի երկու անչափահաս երեխա։ Հովհանների հայրը նույնպես ունի առողջական խնդիրներ։ Պետության կողմից ոչ մի օգնություն չեն ստանում։ «Մի երկու անգամ զանգել են՝ ինչով կարող ենք օգնել, ասել եմ՝ գազի, լույսի գումարը վճարեք, բայց դե անիմաստ ա, էնքան որ զանգում են, հարցնում»։ Խաչատրյանների ընտանիքը դեռևս սպասում է Հովհաննեսի մեդալին։

Անի Թորոսյան