«Իմ այցի ժամանակ դեռևս մոտ 2 շաբաթ էր, ինչ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսվել էր բարձրախոսներով հոգեբանական ճնշում գործադրելու գործընթացը: Խիստ մտահոգիչ էր այն իրավիճակը, որ տեսա այնտեղ»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ անդրադառնալով Արցախ կատարած իր այցին, այնտեղ կատարած արձանագրումներին:
Նա ասաց, որ հանդիպել է Արցախի պաշտոնյաների հետ, եղել Խրամորթ գյուղում ու շփվել բնակիչների հետ:
«Խոսքը բնակչության հոգեբանական վիճակի մասին է: Այցից հետո ցավալիորեն ունեցանք շատ ավելի լուրջ զարգացումներ՝ ընդհուպ ինտենսիվ կրակոցներ, մեծ տրամաչափի զենքերից կրակոցներ ու նաեւ հետագայում գազի անջատման ու էլեկտրաէներգիայի անընդհատ ընդհատումների պայմաններում անտանելի հումանիտար իրավիճակ»,-ասաց Քրիստինե Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ինքն այցելել է նաեւ Ստեփանակերտում գտնվող տեղահանված բնակիչների ժամանակավոր կացարան.
«Զբաղվածության, սոցիալական ինտեգրման, երեխաների ադապտացման խնդիրները շատ էին»,- նշեց Գրիգորյանը և ավելացրեց, որ կան բնակարանաշինության հետ կապված խնդիրներ, որոնք փորձում են լուծել Արցախի իշխանությունները՝ մեծածավալ բնակարանաշինության ծրագրերով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: