Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի լսարաններից մեկը մարտի 10-ին անվանակոչվեց արցախյան երկրորդ պատերազմում զոհված Արամայիս Թադեւոսյանի անունով:
Արամայիսը`Միշոն, թեեւ ընդամենը մեկ տարի է ուսանել այդ դպրոցում` Ռուսաստանից ընտանիքով Հայաստան տեղափոխվելուց հետո, սակայն լուսավոր եւ անմոռաց հուշեր է թողել այնտեղ: Ըստ ուսուցիչների`Արամայիսի մեկ տարվա ուսանելը տասը տարվա հուշեր է պարգեւել իրենց, քանի որ նրա հետ կարելի էր խոսել տարբեր թեմաներով, օժտված էր հումորով:
Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Լիլյա Հովհաննիսյանը, որը Արամայիսին ֆիզիկա է դասավանդել, Forrights.am-ի հետ զրույցում հուզմունքով հիշում է. «Ռուսաց լեզվի քննություն էր, քննություն էինք ընդունում, մեզ մոտ վարչությունից ռուսերենի մասնագետ էր եկել` ստուգելու լեզվի իմացությունը դպրոցում: Արամայիսն իններորդ դասարանում էր սովորում, շատ լավ գիտեր ռուսերեն, ասաց`ընկեր Հովհաննիսյան, չնեղվեք: Նա շարադրություն գրեց, որի վերջին նախադասությունն եմ լավ հիշում: Գրեց` Բեթհովենի հնչյունների տակ`դրսում, տեղում էր անձրեւ: Այդ նամակը պահեց նստարանի արանքում, եւ ասաց`ինձ միշտ կհիշեք: Ցնցող շարադրություն էր գրել, իսկ ավարտը հենց այդպես էր` անձրեւի կաթիլները թափվում էին ներքեւ Բեթհովենի հնչյունների ներքո: Մինչ մենք կհասնեինք, նստարանի արանքում իր դրած թերթիկը տրորվել էր, դարձել ճմռթված թուղթ»: Այդպես էլ չի հաջողվել, որ Արամայիսից մնացած այդ թերթիկը պահպանեն:
Արամայիսի ուսուցիչները հիշում են, որ նա բավականին ազատ երիտասարդ էր, բանիմաց եւ հետաքրքրասեր էր:
Արամայիսի դասղեկը եւ պատմություն ուսուցչուհին`Լուսինե Համբարձումյանը, պատմում է, որ մի անգամ հարցում է արել, թղթեր բաժանել իր աշակերտներին, թե ինչպես են իրենց պատկերացնում տասը տարի անց, ին չ են ուզում դառնալ: Եվ Արամայիսն այդ հարցմանը պատասխանել է. «Անհատ ձեռներեց եւ ֆիլանտրոպ»:
Նախքան զինծառայության մեկնելը Արամայիսն ուսանել է Գ. Վ. Պլեխանովի անվան ՌԴ տնտեսագիտական համալսարանի քոլեջի երեւանյան մասնաճյուղում: Սկզբում ծառայել է Ներքին Հորաթաղում, իսկ երբ սկսվել է պատերազմը, նրան տարել են Վարանդա: Այնտեղ էլ հոկտեմբերի 14-ին Արամայիսը զոհվում է հակառակորդի հետ դեմ առ դեմ մարտի ժամանակ: Այդ ընթացքում նա խոցել է հակառակորդի մեծաթիվ զինտեխնիկա եւ մարդուժ`մինչեւ վերջին պահը չլքելով դիրքերը:
Արամայիսի աճյունը գտել են շատ ուշ, երկար որոնումներից հետո 2021թ. մարտի 10-ին: Նրան հուղարկավորել են «Եռաբլուր » զինվորական պանթեոնում, հետմահու արժանացրել «Մարտական խաչ » երկրորդ եւ առաջին աստիճանի շքանշանների:
Լուսինե Համբարձումյանը, պատմում է, որ նրան հաջողվել է արագ հաշվարկներ անել, մեկ հաշվարկով հրանոթը գործածել եւ օգնել հրամանատարին: Արամայիսը մարտական գործողություններին մասնակցել է տասը հոգանոց ջոկատի կազմում:
Մայրը`Ջուլյա Թադեւոսյանը, չի հիշում, թե ինչ ապրումներ է ունեցել պատերազմի բոթը լսելուց հետո: Իսկ մինչեւ որդու զոհվելը նրա հետ խոսելիս չի պատկերացրել, թե ինչ թեժ մարտեր են ընթանում, քանի որ որդին հավաստիացրել է, թե ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա:
…Իսկ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտներն, ամեն օր մտնելով Արամայիս Թադեւոսյանի լսարան, կկարդան հետեւյալ տողերը`Արամայիս Թադեւոսյան
2000-2020, հոկտեմբերի 14,
Միշո:
Ու մեկ էլ` «Կարոտ կա`երկրից երկիր,
կարոտ էլ կա` երկրից երկինք »:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: