Ադրբեջանական գերությունից վերադարձած զինծառայողներից Արման Խաչատրյանը շարունակում է մնալ բանտում: Այս մասին Forrights.am-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Արման Խաչատրյանը սպա է: Նա գերեվարվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած արյունալի մարտերի ժամանակ: Գերությունից վերադարձել էր նույն թվականի դեկտեմբերի 29-ին, կալանավորվել՝ 31-ին:

Նշենք, որ գերությունից վերադարձածներին Քննչական կոմիտեն մեղադրում է դիրքերը հանձնելու համար: Ռազմագերիներին այս մեղադրանքերը առաջադրվեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբոնից հայտարարեց, որ պետք է հետաքննել գերեվարման յուրաքանչյուր դեպքում ու պարզել պատճառները:

Արման Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ մի քանի օրից լրանալու է կալանավորման ժամկետը, փաստաբանը միջնորդելու է, որպեսզի Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակեն:

Նշենք, նախորդ տարվա  նոյեմբերի 14-ից 16-ին Վայոց Ձորի և Սյունքի հետ սահմանին ադրբեջանական կողմի  հրահրած ռազմական միջադեպի առիթով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում, մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու կասկածանքով ձերբակալվել է 8 զինծառայող, որոնցից 6-ը՝ գերությունից վերադարձած։ 

Գերությունից վերադարձած և կալանավորված զինծառայողները այս ընթացքում ազատ են արձակվել, բանտում այժմ մնացել է գյումրեցի Արման Խաչատրյանը:

Նշենք, որ պատերազմի հրադադարից սկսած առ այսօր  Ադրբեջանից վերադարձել է 150 գերի, որոնցից 43-ը քաղաքացիական անձինք են։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest