Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներից շատերը շարունակում են մնալ չլուծված. ՀՀ ՄԻՊ

122

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստը: Հանդիպումը կրում էր «Համայնքահեն ծառայությունների մատուցումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում. կարիքներ և հնարավորություններ» խորագիրը։

Այն կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, որին մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ փորձագետներ:

Գրիգորյանը ողջունելով և ծանոթանալով Խորհրդի անդամներին,  նշել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը լինելու է իր մշտական ուշադրության կենտրոնում և որ հասարակական խորհրդի հետ սերտ համագործակցությունը միանշանակ օգտակար է լինելու թե՛ խնդիրների ճիշտ թիրախավորման, և թե առաջնահերթությունների որոշման առումով:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Վիթն իր հերթին ողջունելով ընդգծել է, որ կարևորում են միջգերատեսչական հաղորդակցության զարգացումը և քաղաքացիակենտրոն ու հաշվետու որոշումների կայացման ինստիտուցիոնալ զարգացումը Հայաստանում:

Ջեյմս Դե Վիթը հիմնարար է գնահատել հանդիպման թեման ժողովրդավարության համատեքստում՝ նշելով, որ այն առնչվում  է ժողովրդավարության հիմնասյուներից մեկին՝ մարդու իրավունքների պատպանությանը:

Պաշտպան Գրիգորյանն անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին Հայաստանում՝ հիշատակել է Պաշտպանի տարեկան հաղորդմամբ և արտահերթ զեկույցներով արձանագրված խնդիրներն ու նշել, որ դրանցից շատերը շարունակում են մնալ չլուծված, սկսած քաղաքականությունների մշակման գործընթացից ու իրազեկումից մինչև միջավայրերի ու ծառայությունների մատչելիության և մատուցվող ծառայությունների հիմքում կարիքի հստակ գնահատման բացակայության խնդիրները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցով և տարեկան հաղորդմամբ արձանագրված այն համակարգային խնդիրները, որոնք արձանագրվել են կարիքահեն և համայնքահեն ծառայությունների մատուցման ոլորտում:

Արձանագրված խախտումների համատեքստում Մոնիկա Սարգսյանը անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց խնամող անձանց իրավունքները պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության խոչընդոտներին, համայնքային ծառայությունների բացակայությանը կամ դրանց սահմանափակ լինելուն, դրանց մատչելիության և հասանելիության, երեխաների վերականգնողական ծառայությունների, կարիքների գնահատման հետ կապված խնդիրներին: