Գազի խափանման պատճառով 20 000 երեխա զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից․ Արցախի և Հայաստանի ՀԿ-ների կոչ-հայտարարությունն՝ ուղղված միջազգային կառույցներին

109

Աշխարհաքաղաքական լարվածության և միջազգային հանրության ուշադրությունն ուկրաինական ճգնաժամով շեղված լինելու պայմաններում պաշտոնական Բաքուն կտրուկ ակտիվացրել է լարվածությունը և ճնշումներն ամբողջ Արցախի Հանրապետության և հատկապես սահմանային գոտու բնակավայրերի վրա:

Մարտի 8-ից Արցախի ողջ բնակչությունը զրկված է հանրապետություն մտնող բնական գազից: Ադրբեջանական կողմը շարունակաբար խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներին: Արդյունքում՝ հանրապետության կենսապահովման օբյեկտները՝ հիվանդանոցները, ծննդատները, հացի արտադրամասերը, կրթական և մշակութային հաստատությունները, զրկված են ջեռուցումից։ Այս մասին ասվում է Արցախի և Հայաստանի ՀԿ-ների կոչ-հայտարարության մեջ՝ ուղղված միջազգային կառույցներին։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Գազի խափանման պատճառով 20 000 երեխա զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից։ Հանրապետությունում մեքենաների 70 %-ից ավելին, ինչպես նաև կոմունալ ծառայությունների ողջ ավտոպարկն աշխատում է գազով, հետևաբար արցախցիներին սպառնացող տրանսպորտային ճգնաժամը ևս հեռու չէ։

Ադրբեջանական կողմը սպառնում է նաև Արցախի բնակչության ֆիզիկական գոյությանը․ մասնավորապես միջին և խոշոր տրամաչափի զենքերով կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ: Մարտ ամսին ականանետային կրակի թիրախ են դարձել Արցախի Կարմիր Շուկա, Խրամորթ և Խնապատ գյուղերը: Արդյունքում արցախյան կողմն ունի վիրավոր, ինչպես նաև թիրախավորված կրթական հաստատություն:

Վերոնշյալ հանցավոր արարքները՝ զուգորդված Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության վերացման և խեղաթյուրման գործողություններով, տեղավորվում են պաշտոնական Բաքվի հետևողական, բացահայտ հայատյաց քաղաքականության տրամաբանության մեջ, որի վերջնանպատակն Արցախից էթնիկ հայ բնակչության բնաջնջումը կամ դուրս մղումն է»,-ասված է հայտարարության մեջ։

Մարտի 10-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, այս պահին գնահատականներ չեն կարող տալ, սակայն Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում են իրադրությունը կայունացնելու եւ կարգավորելու ուղղությամբ։

«Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այսպիսի իրավիճակ ու փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ», — հայտարարեց Փաշինյանը: