Մարտի 8-ին «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ 1995 թ. ծնված Սամվել Շահգելդյանը կտրել էր երակները, իսկ մարտի 7-ին նա մի քանի ասեղ էր կուլ տվել: Այսօր նա մեզ հետ կապ հաստատեց բերդի տաքսոֆոնից և հայտնեց, որ  ածելի է կուլ տվել: Պահանջը մեկն է՝ ստիպել «Նուբարաշեն» ՔԿՀ պետին, որ իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, վիրահատեն և հանեն օրգանիզմից կտրող ծակող գործիքները:

ՔԿԾ ղեկավարությունը սակայն հրաժարվում է կատարել դատապարտյալի պահանջը: Մեր հարցին, թե ինչու նրան չեն տանում վիրահատության, ՔԿԾ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանն ասաց, որ այդ հարցով մենք պետք է դիմենք «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Եթե մարդը ձեզ մոտ մահանում է, դուք չե՞ք զանգում, ասում մեռնում է, բուժօգնություն ցուցաբերենք: «Իհարկե, զանգում ենք, — մեր  հարցին պատասխանեց մամուլի պատասխանատուն, — բայց  ենթակա է, թե ոչ վիրահատման, որոշում են բժիշկները»: Հիմա եթե մարդը հոգեկան հիվանդ է, ածելիներ, ասեղներ է կուլ տվել, նրան պետք չ՞ի վիրահատել: Դա ի՞նչ բժիշկներ են, որ չեն տանում նրան վիրահատման:  «Դիմեք ՊՈԱԿ», — կրկին հորդորեց ՔԿԾ ներկայացուցիչը:

Մեր տեղեկություններով, որոնք մեզ են հասել դատապարտյալներից, ՊՈԱԿ տնօրեն Կամո Մանուկյանը այն ֆիգուրը չէ, որ իրավուքն ունենա առանց «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Աղասի Խաչիկի Խաչատրյանի  թույլտվության մտնել կալանավայր և օգնություն ցույց տալ դատապարտյալին: Նավիկյանը այդ լուրեը հերքում է: «Նա իրավուքն ունի ցանկացած քրեակատարողական հիմնարկ մտնելու»:

Շահգալդյանը մի քանի անգամ դատապարտվել է հափշտակությունների համար՝ հեռախոսներ, դրամական միջոցներ, հեծանիվի գողության: Ունի հոգեկան խնդիրներ: Օրենքով պետք է լինի հոգեբույժի հսկողության տակ և ստանա համապատասխան հոգեմետ դեղամիջոցներ:

Սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունը անտեսում է դատապարտյալի պահանջներն ու իրավունքները: Իրեն հասանելիք դեղերը Շահգալդյանին, իր իսկ վկայությամբ տրամադրվում են միայն հերթական ինքնավնասումն իրագործելուց հետո:

«Փրթում, պրծնում եմ, ասում ա՝ առ, վեկալ էս դեղը, ես բայց դրանից հետո էլ չեմ վեկալում: Այսինքն, իրանք թքած ունեն կալանավորի առողջության վրա: 10-15 օր առաջ ա մարդ մահացել: Ինքն էլ էր դեղ ստանում, Կարենը՝ Չարենցավանից, չէին տալիս, ասում էր, որ կախվելու եմ, կախվեց, մեռավ մարդը: Իրանք ուզում են, որ ես ուղղակի չմեռնեմ, էդքան բան: Վարչությունից մարդ էր եկել, դատախազ Խաչատրյանը: 40 ասեղ կուլ տալու պահով: Ինձ կանչել ա, ընդունել ա, ասում ա՝ սկոռին որ եկել ա, խի՞ չես գնացել հիվանդանոց: Ասում եմ՝ որովհետեւ տանում են, նկարում են, տեսնում են, որ ստամոքսիս մեջ ա, ոչ մի բան չեն անում, ասում են՝ գնա, բամբակ կեր ու աղոթի: Ասում ա՝ խի դու ուզո՞ւմ ես, որ ապերացիա անեն: Ասում եմ՝ բա ո՞նց չեմ ուզի, 40 հատ ասեղ ա ստամոքսիս մեջ», — ասել էր դատապարտյալը:

Forrighst.am-ին նա օրեր առաջ տեղեկացրել էր, որ 40 ասեղներ է կուլ տվել, իսկ քրեակատարողական ծառայությունից, մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել էին, որ Շահգալդյանի որովայնի ռենգեն հետազոտությամբ 4 ասեղ է հայտնաբերվել: 

Ինքնավնասման պատճառն այն էր, որ բերդի բուժմասը Շահգալդյանին չէր տրամադրել հասարակ դիմեդրոլ:

Մենք դիմել էինք քրեակատարողական ծառայություն, պարզաբանում պահանջելով դեպքի կապակցությամբ: ՔԿԾ-ից պարզաբանել էին, որ Սամվել Շահգելդյանը հրաժարվել է բուժօգնությունից:

«Մարտի 6-ի երեկոյան հայտարարել է, որ կատարել է ինքնավնասում 40 ասեղ կուլ տալու եղանակով: Սակայն նույն օրը կանչված շտապօգնության ծառայությունից վերջինս հրաժարվել է, պարզաբանումներ չի ներկայացրել, հայտարարել է, որ հրաժարվում է հետագա ընդունելություններից: Հաջորդ օրը՝ մարտի 7-ին, Ս. Շահգելդյանը «դիմեդրոլ տեսակի դեղահաբ չտրամադրելու» պատճառաբանությամբ կատարել է ինքնավնասում ձախ նախաբազկի հատվածում (ըստ բժշկական ստորաբաժանման տեղեկանքի՝ կատարել է քերծվածքներ առավելագույնը մաշկի մակարդակով): Կրկին հրաժարվել է բժշկական օգնությունից… Մարտի 8-ին Ս. Շահգելդյանը բանավոր հայտարարել է, որ կուլ է տվել ասեղ նորից նույն պատճառաբանությամբ: Կանչվել է շտապօգնություն, դատապարտյալը տեղում զննվել է, և նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն: Ժամը 07.00-ի սահմաններում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից տրված տեղեկանքի՝ ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ս. Շահգելդյանի ստամոքսի պրոյեկցիայով վիզուալիզացվում է բարակ և կարճ մետաղական ինտենսիվության թվով 4 հատ օտար մարմին», — հայտնեցին ՔԿԾ-ից, վստահեցնելով, որ դատապարտյալ Սամվել Շահգելդյանը գտնվում է ինտենսիվ հսկողության տակ, «հոգեբանների կողմից պարբերաբար կատարվում են ընդունելություններ, տարվում են համապատասխան հոգեբանական խորհրդատվական աշխատանքներ»:

Երեկ բերդի տաքսոֆոնից Սամվել Շահգալդյանը կրկին մեզ զանգահարեց և հայտնեց, որ քրեակատարողական ծառայությունը բացահայտ ստեր է տարածում:

«Ես հիմա բրիտվեք եմ կուլ տալիս: Նրանք ստից գրեցին, որ յանիմ, ես դինամիկ հսկողության տակ եմ, բայց ոչ մեկ չեկավ, ոչ մի օպերացիա չարևեցին, կես լիտր արյունը ձեռքիցս չռռացել է, ասում են՝ թեթև խազեր են ձեռքի վրա: Գրել են, որ ինձ հոգեբաններ են այցելել, եսիմ ինչեր են արել, սաղ սուտ ա: Դե հիմա բրիտվեքը կուլ կտամ, թող էսօր գան, տեսնեն թեթև խազերը ձեռքիս վրա: Էստեղ սաղին խոշտանգում են, բոլորը խնդիրներ ունեն, ուղղակի շատերը չեն խոսում», — նշեց Սամվելը:

Նրա հարազատները տրամադրեցին մարտի 12-ին «Էրեբունի» ԲԿ-ի ռենտգեն- ախտորոշմանում բաժանմունքում արված զննության եզրակացությունը, որի համաձայն Շահգելդյանի ստամոքսում հայտնաբերվել է երեք «տափակ օտար մարմին», 2,5 և 1,85 և 1,6 սմ երկարությամբ:

Դատապարտյալին վիրահատական միջանտություն երեկ ժամը 20.00 դրությամբ չի ցուցաբերվել: Նրա ինքնազգացողությունը վատ է:

Հ.Գ. Քրեակատարողական ծառայության համար պաշտոնական սուտ  տարածելը ավանդույթ է դարձել: Կեղծ տեղեկատվության տարածումը  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող բացիթողի վիճակը քողարկելու միակ ձևն է: Բաց է մնում նաև հարցը, թե ինչու են դատապարտյալների մոտ հայտնվում արգելված իրեր՝ ասեղներ, ածելիներ, այլ կտրող ծակող գործիքներ, ինչը արգելված է օրենքով: 

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest