Հարազատների կողմից զոհերի դիերը չընդունելու դեպքում հնարավոր է ինչ-որ պահի պետությունը հուղարկավորություն իրականացնի

166

Կան դեպքեր, երբ պատերազմում զոհված անձանց աճյունները նույնականացվել են կրկնակի, եռակի անգամ, սակայն հարազատները դեռևս պատրաստ չեն վերցնել աճյունները հուղարկավորելու համար, նման դեպքերում պետությունը չի բացառում, որ ինչ-որ փուլում կարող է ինքը հուղարկավորել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա վստահեցմամբ՝ միանշանակ արտերկրում արված հետազոտությունների արդյունքները համընկնում են Հայաստանում արվածների հետ. մինչև այս պահը Նիդերլանդներ, Մոսկվա, Վրաստան, Գերմանիա, այլ մի շարք երկրներ կրկնակի, եռակի փորձաքննությունների են ուղարկվել նմուշները և դրանք 100 տոկոսով համապատասխանել են Հայաստանում տրված արդյունքներին:

«Քանի որ դա բավականին ծանր ընթացք է, կառավարությունն անում է ամեն բան, որ ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսն անցնելու և ի վերջո որոշում կայացնելու, հուղարկավորելու: Բայց մյուս կողմից էլ հասկանում ենք, որ ինչ-որ ժամանակի ընթացքում պետք է անդրադառնանք այս հարցին և հուղարկավորենք անհատական ձևով, ոչ եղբայրական գերեզմանում»,-ասաց Ավանեսյանը:

Քնարիկ Վարդանյան