Խուճապի խնդիր չկա, այդքան սնունդ առնելու կարիք չկա․ Գեորգի Ավետիսյան

155

Հայաստանի բոլոր համապատասխան պետական կառույցների ուշադրության կենտրոնում են պարենային անվտանգության հարցերը: Մոտակա 2-3 ամսվա ընթացքում պարենի որևէ խնդիր չի լինի: Այս մասին մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Կապի մեջ ենք Ռուսաստանում ու այլ երկրներում մեր կոլեգաների հետ: Խուճապի խնդիր չկա, այդքան սնունդ առնելու կարիք չկա, տանելու են տանը փչացնեն: Պարենային անվտանգության բոլոր հարցերով համապատասխան կառույցները զբաղվում են: Բանակցություններ են տարվում, որ կարողանանք ապահովել նաև հետագայում»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ի արտահանման ծավալների մեջ Հայաստանը շատ փոքր տոկոս է կազմում: Գեորգի Ավետիսյանի կարծիքով՝ Հայաստան արտահանված սննդամթերքն իրենց պարենային անվտանգությանը չի վնասի:

Հարցին, թե ՌԴ-ից բացի այլ երկրներից Հայաստան հացահատիկ ներկրելու դեպքում արդյոք գնային փոփոխություն կլինի, Գեորգի Ավետիսյանը նշեց, որ կլինի թանկացում: Մյուս արտադրող երկրները, որոնք հացահատիկի ոլորտում հիմնական խաղացողներն են, հեռու են Հայաստանից: Մեկը Կանադան է, մյուսը Ավստրալիան: Այդ երկրներից ներկրելը թանկ կլինի: Գեորգի Ավետիսյանն ընդգծեց, որ բոլոր հնարավոր ռիսկերը հաշվի են առնվում:

Անդրադառնալով սերմացուների հնարավոր խնդրին՝ Գեորգի Ավետիսյանը ասաց, որ սերմացու ներկրողներից որևէ բողոք չկա, որևէ խնդիր չկա: Ոչ ցորենի, ոչ կարտոֆիլի, ոչ կաղամբի սերմացուի մասով խնդիրներ չկան:

Քնարիկ Վարդանյան