«Բոլորն էլ ապրելու արժանի մարդիկ էին»

325

22-ամյա քամանչայահար Մհեր Փոթոյանը բանակում ծառայում էր որպես ֆագոտահար: Նա զոհվել է 2020-ի հոկտեմբերի 27-ին` Ասկերանում: Յոթ ամիս անց ողբերգական ավտովթարից մահացել է նրա մայրը` Սաթենիկ Խալաթյանը:

Մհերը ընտանիքի չորս որդիներից մեկն էր: Հայրը` Վաչագան Փոթոյանը պատմում է. «Մեր համայնքում` Քանաքեռավանում լավ արվեստի դպրոց ունենք: Մեծ տղաս` Մկրտիչը ակարդեոն էր նվագում, Նարեկը շվի էր նվագում, Մարզպետը սկզբում դհոլ էր նվագում, մի քանի տարի հետո ասեց` ուդ եմ ուզում նվագել: Մհերը այդ ընթացքում ոչինչ չէր նվագում, մենակով մնում էր տանը: 10-11 տարեկան էր: Ասում էի` դե Մհեր ջան, մի բան էլ դու որոշի, որ եղբայրներիդ հետ գնաս- գաս: Մի օր հեռուստացույցով համերգ էր, նայեց, ասեց` պապա, ես այ սրանից եմ ուզում նվագել: Քամանչա էր»:

Երաժշտական դպրոցներում սովորելուց հետո Մհերը անվճար ընդունվել էր Կոնսերվոտորիա, որտեղ սովորել էր չորս տարի, եւ չորս տարով էլ բանակից տարկետում էր ստացել: Այդ տարիների ընթացքում նա ճամփորդել էր բազմաթիվ երկրներ, նվագել էր տարբեր երաժշտական համույթներում եւ արդեն բանակ մեկնելիս գիտեր, որ վերադառնալով շարունակելու է իր երաժշտական գործունեությունը:

Վաչագան Փոթոյանը ասում է` սպասում էր, որ որդուն բանակում կծառայի երաժշտական դասակում, սակայն զորամասում ասել էին, թե լարային գործիքով նվագող երաժիշտի կարիք չունեն:

44-օրյա պատերազմի ընթացքում առաջնագծում է եղել ոչ միայն Մհերը, այլ նաեւ նրա եղբայրները: Ի պատասխան մեր հարցին, թե ինչպես էր այդ օրերին դրան դիմանում, Վաչագան Փոթոյանն ասաց. «Աղոթելով»: Որդու մահվան լուրը նրան հայտնել են բարեկամները` դեպքի հաջորդ օրը:

«Այդ օրը հարձակում է եղել ԱԹՍ-ներով, բեկորային վնասվածք է ստացել: Դատաբժիշկները ասացին: Ինքը այնտեղ շատ չի մնացել; 24 ժամվա մեջ բերել էին Աբովյանի դիահերձարան: Զուգադիպել է: Ծառայակից ընկարները գալիս- գնում են, պատմել են, որ այնտեղ ՈՒԱԶ մեքենա է եղել: Ասում են` ռմբակոծություն է եղել, այդ օրը միայն Մհերն է զոհվել … Եղածը ընդունելը հարաբերական բան է: Այդքան հազար զոհեր եղան: Նրանց մի մասը պետք է քեզ համարես: Դա է: Բոլորն էլ ապրելու արժանի մարդիկ էին»,- ասում է զոհված զինծառայողի հայրը:

Մհերի հարազատները հիմնել են «Մհեր Փոթոյան» մշակութային հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է պահպանել, վերարժեւորել հայկական երաժշտությունն ու բացահայտել նոր տաղանդավոր երաժիշտների, այն կազմակերպում է երաժշտական միջոցառումներ ու փառատոններ:

Անի Գևորգյան