Անպիտան հրթիռների գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանը 50 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց

165

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանն 50 միլիոն դրամի (կամ 100 հազար դոլարի) գրավի դիմաց ազատ արձակեց «անպիտան հրթիռների» գործով առանցքային մեղադրյալներից մեկին՝ զենքի մատակարար Դավիթ Գալստյանին։

Գլխավոր դատախազությունից պարզաբանում են, թե ամբաստանյալ Գալստյանն արդեն լիովին վերականգնել է իրեն մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն դրամը։ Այդ պատճառով մեղադրողները նրա կալանքը փոփոխելուն չեն առարկել։

Կալանքի տակ, սակայն կշարունակեն մնալ գործով անցնող մյուս երեք մեղադրյալները, այդ թվում Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Դատարանը մերժեց վերջիններիս պաշտպանների միջնորդությունները։ Նրանք շուրջ 6 ամիս է կալանկի տակ են։

Դատարանի որոշումը Դավիթ Տոնոյանի փաստաբանն Ավետիք Կարապետյանն անհիմն ու ապօրինի է համարում. — «Քանի որ քրեական գործում չկան այնպիսի տեղեկություններ, որոնք պետք է չնչին թեկուզ չափով ապացուցեին, կարողանային ապացուցել պարոն Տոնոյանի կալանքի տակ գտնվելը»։

Առանձնապես խոշոր չափերի յուրացման համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարարի փաստաբանն այսօր ասաց, որ Տոնոյանի ազատ արձակման համար այս անգամ ևս անձնական երաշխավորություն էին ներակայացրել իշխանական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: