«2022 թվականի հունվարի 23-ին ընկերներս զանգեցին, ասեցին՝ «գնում ենք սահման»։ Պատրաստվեցինք, ամսի 5-ից մեկնեցինք Ասկերանի շրջան՝ գյուղ Ռևի մարտական դիրքերը պաշտպանելու։ Գնացել ենք Արցախի աշխարհազորով, ու հենց հասարակական կազմակերպության աշխարհազորի տեղեկանք էլ տվել են, որ պետք ա ներկայացնեմ աշխատանքի տեղը։ Սակայն էդ թուղթն արհամարհել են՝ ասելով, որ չի անցնում, պիտի լինի կամ Պաշտպանության բանակից, կամ Պաշտպանության նախարարությունից»,– 61– ամյա Սահակ Խառատյանը 1991 թվականից առ այսօր աշխատում է Զվարթնոց օդանավակայանում որպես բանվոր։
Սահակը Արցախյան երեք պատերազմների մասնակից է։ Ծնվել է Արմավիրի մարզի Արբաթ գյուղում․
«Մեր գյուղը շատ հերոս տղաներ ա տվել։ Շատ զոհեր ու վիրավորներ ունենք, որոնք անտեսված են , ոչ մեկին հաշվի չեն առնում։ Ինքս արմատներով սուրմալեցի եմ, պապուցս շատ բան եմ լսել ու իմ արյան մեջ միշտ եղել ա, որ պիտի նվիրվեմ իմ հող ու ջրին, իմ հայրենիքին։ Միշտ էլ վատ եմ տրամադրված եղել սրբապիղծ թուրքերի հանդեպ, որ տեղահանել են մեր պապերին»։
Երբ սկսվել է 1988 թվականի շարժումը, Սահակը մեկնել է հայրենիքը պաշտպանելու։ Հենց սկզբից եղել է հայոց բանակի մասնիկը։ Մինչև 1995 թվականը եղել է Աղդամի պաշտպանական դիրքերում, սահմանը պահել են մինչև բանակը կարգավորել են, հերթափոխ արել։ «1 տարի ընտանիքի երես չեմ տեսել»։
Հետո վերադարձել է ու շարունակել աշխատանքը Զվարթնոց օդանավակայանում։ Երբ սկսվել է 2016 թվականի պատերազմը, հայրենիքը պաշտանելու համար Սահակն ընկերների հետ մեկնել է սահման․
«Մեր ոգու կանչով ենք գնացել։ Քանի որ ապրիլի 4-ի գիշերը իմ երկու ընկերները զոհվեցին, ուխտ արեցի, որ պիտի գնամ իրենց դիրքը, ու գնացի ու անառիկ պահեցինք։ Մինչև մայիսի 20-ը մնացի էնտեղ ու վերադարձա»։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրն իմանալուն պես Սահակ Խառատյանը կրկին մեկնել է առաջնագիծ, սակայն այս անգամ ոչ թե երկրապահներով, այլ անհատական․ «տեղս չգտնելով, գնացի։ Ամեն թոհ ու բոհի մեջով անցել եմ»։
Հոկտեմբերի 1-ից եղել է Ստեփանակերտում, Մարտակերտում, Ալաշանում։ Հետո մեկնել է Կապան, վերադարձել է, ու գնացել Մեղրի։ 2021 թվականին մարտական հերթապահություն կատարելու համար կրկին գնացել է Կապանի դիրքեր։ 2022 թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 10-ը Սահակը ընկերների հետ եղել է Ասկերանի շրջանի պաշտպանական հատվածում, սակայն տվյալ ժամանակահատվածի համար չի վարձատրվել, քանի որ աշխատանքի վայրից պնդում են, որ իր ներկայացրած փաստաթուղթը իրավական հիմք չունի․
«Ասում են՝ պետական թուղթ ա պետք։ Դրա համար հիմա «վայենկոմատում» դիմում եմ գրել, որ իմ փաստաթղթերի հիման վրա «զապրոս» անեն։
Ես Զվարթնոցից էլի գոհ ու շնորհակալ եմ, պատերազմից հետո շնորհակալագիր էլ են տվել, պարոն Էռնեկյանի կողմից ստացել եմ և՛ «Պատիվ ունեմ» մեդալը, և՛ շնորհակալագիր, բայց հիմա իմ հիմնական պահանջը նա ա, որ աշխատանքի չեղած ժամանակ իմ աշխատավարձը պահպանվի»։
Սահակ Խառատյանն արժանացել է բարձր պետական պարգևների Պաշտպանության նախարարության կողմից։ Ունի բազմաթիվ մեդալներ ու շնորհակալագրեր։ Արժանացել է «Մարտական ծառայության» մեդալին․ «հիմնականում հետմահու են տալիս, իսկ ես իմ կենդանության օրոք եմ ստացել։ Հպարտ եմ, որ իմ բանակին պետքական եմ, իմ ազգին պետքական եմ»։
ԱՆի Թորոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: